Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահները մարտի 31-ին մասնակցել են Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որն այս տարի անցկացվել է առցանց։ Բացի նշված երկրներից գագաթաժողովին մասնակցել է նաև Թյուրքական խորհրդի կազմի մեջ չմտնող Թուրքմենստանի նախագահը և դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ու Ղազախստանի նախկին ղեկավար Նորսուլթան Նազարբաևը։
Նախևառաջ, ներկաները ողջունել են «Ադրբեջանի տարածքների ազատագրումը ռազմական օկուպացիայից», իսկ գագաթնաժողովի ընթացքում հնչեցրել մի շարք բավականին հավակնոտ քաղաքական հայտարարություններ:
Բացի այդ, հանդիպման մասնակիցները հավանություն են տվել Թյուրքական խորհրդի անվանափոխությանը՝ որպես «Թյուրքական պետությունների միություն»: Նախորդ տարիներին Նազարբաևը նման առաջարկ էր արել: Վերջնական անունը կհաստատվի ութերորդ գագաթնաժողովում, որը կայանալու է 2021 թվականի վերջին Թուրքիայում:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել արդիականացնել թյուրքական քաղաքակրթությունը: Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է Թյուրքական խորհուրդ պատմության նոր փուլի մեկնարկի մասին: Ըստ նրա, թյուրքական երկրները պատրաստ են միասին հաղթահարել «ցանկացած փորձություն և սպառնալիք»:
Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (Մոսկվա) ավագ գիտաշխատող, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին Gazeta.Ru-ի հետ զրույցում նշել է, որ գագաթնաժողովի քաղաքական արդյունքներն ամենևին զարմանալի չեն և, որ «Սա իսկապես պանթուրքիստական նախագծի գործնական իրականացման փորձ է»։
Փորձագետը հիշել է նաև 90-ականներին փափուկ ուժի միջոցով պանթուրքիզմը խթանելու լայնածավալ փորձը. «Այդ ժամանակ սկզբում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզիչ իսկ այժմ նրա ներկայիս գլխավոր թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը թուրք երիտասարդներին կոչ էր անում գնալ Ասիա և կրթել տեղի թուրքերին (նրանք այսպես են անվանում բոլոր թյուրքական ժողովուրդներին)։ Թուրքական բազմաթիվ լիցեյներ ստեղծվել են Կենտրոնական Ասիայի երկրներում, Բաշկիրիայում, Թաթարստանում, Բուրյաթիայում: Երկար ժամանակ ռուսական պետությունը ուշադրություն չէր դարձնում պանթուրքիզմի գաղափարախոսության նման կենտրոններին: Մասնավորապես, նրանք այստեղ լավ սովորեցնում էին թուրքերեն լեզուն, բայց միևնույն ժամանակ, հասարակական գիտություններ ուսուցանելուց հակառուսական գաղափարներ էին տարածվում: Մինչև 2008 թվականը Ռուսաստանում թյուրքական բազմաթիվ լիցեյներ են փակվել: Բայց, օրինակ, Թաթարստանում լիցեյների մի մասը պարզապես անվանափոխվեց, փոխվեցին նաև ուսուցիչները և ուսուցանելու եկան արդեն գյուլեննական լիցեյների շրջանավարտները»,- նշել է Նադեին-Ռաևսկին։
Թյուրքական խորհրդի երկրները մշակում են «Թյուրքական աշխարհի տեսլական-2040» փաստաթուղթը, որը ի թիվս այլ ուղղություների ներառում է տնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խոսել է մշակութային և կրթական ընդհանուր հարթակ ստեղծելու մասին: Ըստ նրա, այս նախաձեռնությունը կարող է իրականացվել «Մեծ թյուրքեր» կրթական հիմնադրամի ստեղծման միջոցով:
Շրջանառվում է նաև Թուրանի միասնական բանակ ստեղծելու հարցը։
Հիշեցնենք, որ Թյուրքական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ալիևը խոսել է նաև Զանգեզուրի միջոցով թյուրքական աշխարհը միավորելու հարցի վերաբերյալ։ Հարկ է նշել, որ թյուրքական խորհրդի երկրների մերձեցման համատեքստում ավելի ու ավելի է խորանում Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ռազմատենչ ու թշնամական հռետորաբանությունը։
Աղբյուրը՝ Военно-политическая аналитика ամսագիր (vpoanalytics.com), Gazeta.ru