Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած անհիմն պնդումները։
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ 2025 թվականի մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած պնդումները, թե իբր Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո նոր պայմաններ է առաջադրում, լիովին անհիմն են։
Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի Սահմանադրության այն կետը, որը դեմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացման պահանջը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել է բանակցային գործընթացի կարևոր թեմաներից մեկը։
Հայաստանի Սահմանադրությամբ, ազգային օրենսդրությամբ և իրավական պահանջներով ամրագրված փաստերը, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, հայկական կողմին ներկայացվել են 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին ամբողջությամբ տեղեկացված են նաև երրորդ երկրները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայկական կողմի պնդումները, թե իբր Ադրբեջանը հենց նոր է առաջ քաշել այդ պայմանները, նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը, և այդ մարտավարությունը արդյունք չի տա։
Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, նա պետք է առանց ժամանակ կորցնելու փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և չհրաժարվի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։։