Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բերտրան Վենար. Պատերազմից հետո ավելի վճռական եմ Հայաստանին օգնելու հարցում. Մեդիամաքսի հարցազրույցը

07/04/2021
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (Université française en Arménie, UFAR) նոր ռեկտորը՝ պրոֆեսոր Բերտրան Վենարը, Հայաստան է ժամանել Արցախյան երկրորդ պատերազմից մի քանի օր առաջ: Ֆրանսիացի պրոֆեսորը պատերազմին զուգահեռ է հասկացել, որ երկրին օգնելու իր առաքելությունն ավելի ու ավելի վճռական է դառնում: Մեդիամաքսը զրուցել է պրոֆեսոր Բերտրան Վենարի հետ՝ Հայաստանի հետ ունեցած իր կապի, նոր նախագծերի ու այն մարտահրավերի մասին, որին նա բախվեց հենց ժամանման պահին:

– Պրոֆեսոր Վենար, խնդրում եմ, ներկայացրեք Ձեր պատմությունը: Ինչո՞վ էիք զբաղվում մինչեւ ռեկտոր դառնալը:

– Երկար տարիներ եղել եմ բարձրագույն կրթության ոլորտում: Փարիզի համալսարանից ստացել եմ կառավարման դոկտորի աստիճան, Օքսֆորդի համալսարանից ստացել եմ բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման եւ ուսուցման 3-րդ ցիկլի դիպլոմ: Աշխատել եմ ֆինանսական եւ խորհրդատվական ոլորտներում:

90-ականների սկզբին Վիետնամ մեկնելու ու նոր բիզնես դպրոց հիմնելու հայտարարություն տեսա: Որոշեցի թողնել խորհրդատվությունը եւ անցնել ակադեմիական կյանքի: Դարձա CFVG դպրոցի հիմնադիրը եւ ռեկտորը, Վիետնամում այն այժմ առաջատար բիզնես դպրոց է: Ինձ համար մեծ ձեռքբերում էր բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելը:

Կարիերայիս զուգահեռ ապրել եմ շատ երկրներում՝ Վիետնամ, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա: Բարձրագույն կրթության ոլորտում ունեցել եմ տարբեր գիտական եւ վարչական պաշտոններ, եղել եմ դեկանի տեղակալ եւ դեկան այնպիսի հայտնի հաստատություններում, ինչպիսիք են Քեմբրիջի, Օքսֆորդի, Փենսիլվանիայի համալսարաններն ու Աուդենսիա բիզնես դպրոցը: Հայաստան գալուց անմիջապես առաջ ապրում էի Մեծ Բրիտանիայում, Օքսֆորդի համալսարանում կիբերանվտանգության հետազոտություն անցկացնող պրոֆեսոր էի:

Երբ տեսա UFAR-ի ռեկտորի պաշտոնի հայտարարությունը, մտածեցի, որ այն նման է Վիետնամի ծրագրին. շատ էթիկական նախագիծ է, որ կարող եմ իրագործել աջակցության կարիք ունեցող երկրին օգնելու համար: Այդ պատճառով էլ դիմեցի այս աշխատանքի համար:

– Մինչեւ այստեղ գալն ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին: Որեւէ՞ կապ ունեցել եք Հայաստանի հետ: Սա Ձեր առաջի՞ն այցն էր Հայաստան:

– Այո, սա իմ առաջին այցն էր:

Ինչ վերաբերում է կապերին, ես քրիստոնյա եմ (կաթոլիկ): Տեղյակ եմ, թե դարերի ընթացքում որքան մեծ է եղել քրիստոնեության ազդեցությունը Հայաստանի վրա: Չնայած ֆրանսիացի եմ, բայց հայկական եւ ֆրանսիական մշակույթների միջեւ նմանություններ տեսնում եմ՝ մասամբ նույն կրոնի պատճառով:

Մշակույթների իզոմորֆիզմի հարցում համոզվել եմ նաեւ հայերի հետ ունեցած իմ հանդիպումների արդյունքում: Հաճախ եմ շփումներ ունեցել հայկական արմատներ ունեցող գործընկերների ու ուսանողների հետ: Նրանց հետ աշխատելը միշտ եղել է ու շարունակում է հաճելի լինել. հայերը հուսալի, աշխատասեր եւ ընկերասեր են:

Ընտանիքիս պատմությունն էլ է կապվում Հայաստանի հետ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին, պապս կռվել է թուրքերի դեմ:

Պետք է նաեւ ասեմ, որ երբ նայում եմ Հայաստանի պատմությանը, ցավ եմ ապրում հայերի համար: Դարեր շարունակ որոշ երկրներ նույն կերպ տառապել են ու հարձակումների ենթարկվել: Նման իրավիճակներում շատ մարդիկ կբողոքեն եւ կհուսահատվեն, բայց ոչինչ չեն ձեռնարկի: Իմ փիլիսոփայությունը հետեւյալն է՝ փորձել հնարավորինս խուսափել բարոյական ելույթներից կամ դատողություններից ու իրական գործողություններ ձեռնարկել: Ես որոշել եմ գործել ի օգուտ Հայաստանի:

– Պատերազմը կապել է Ձեր ընտանիքի պատմությունը Հայաստանի հետ: Ի վերջո, Հայաստանի հետ Ձեր անձնական պատմությունն էլ սկսվեց պատերազմով. Դուք Հայաստան ժամանեցիք Արցախյան պատերազմի բռնկումից անմիջապես առաջ:

– Մեր համալսարանը զարգացնելով՝ ես պատրաստվում եմ օգնել երկրին (իհարկե, իմ կարողությունների սահմաններում): Բայց, երբ պատերազմի ես բախվում, զգում ես՝ այստեղ գտնվելու պատճառն ավելի կարեւոր է դառնում:

Հակամարտության ընթացքում որոշ մարդիկ կռվում էին, մյուսներն էլ կատարում էին իրենց պարտականությունները՝ անկախ ամեն ինչից: Հացթուխները լավաշ էին թխում, մսագործները միս էին վաճառում, բուժքույրերը հիվանդներին էին բուժում, ինձ պես ռեկտորն էլ  հետևողական էր, որ ուսանողները լավ սովորեն ու աշխատանք գտնեն:

Պատերազմի ժամանակ ես երբեւէ չեմ մտածել փախչելու մասին: Գիտեմ՝ որոշ օտարերկրացիներ այդ ընթացքում հեռացել են Հայաստանից: Ես կարծել եմ, որ իմ պարտքն է մնալ այստեղ եւ հնարավոր ամեն ինչ անել ուսանողների, անձնակազմի ու դասախոսների համար: Պարզ է, որ իմ գալը համընկել է Հայաստանի համար ծայրաստիճան խնդրահարույց ժամանակաշրջանի հետ: Այդ պատճառով էլ երկրին օգնելու պարտականության զգացումս ավելի է ուժեղանում:

– Հայաստանում Ֆրանսիական համալսարանն առաջին էր, որ վերաինտեգրման նախագիծ առաջարկեց պատերազմին մասնակցած ուսանողների համար:

– Պատերազմի տասնհինգերորդ օրը բավականին շուտ արթնացա ու սկսեցի մտածել հորեղբորս, պապիկիս եւ հայրիկիս մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հորեղբայրս սպանվել է 1943-ին, պապս սպանվել է 1944-ին, իսկ հայրս վիրավորվել է 1945-ին: Պապս եւ հայրս սպաներ են եղել:

Պատերազմը ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի վերքեր է թողնում (հոգեբանական վնասվածք, որ ստանում ես պատերազմում): Հիշում եմ՝ հայրս, երբեմն, գիշերները երազում խոսում ու բղավում էր. «Առա՛ջ», «Հարձակո՛ւմ»:

Գիտակցեցի, որ ունենք ուսանողներ, որ ծառայում են երկրին, ու մենք պետք է նրանց համար ինչ-որ բան անենք, երբ վերադառնան: Հաջորդ օրը մեր ուսումնական գծով տնօրենին ասացի, որ պետք է մտածենք ուսանող-զինվորների վերաինտեգրման մասին: Ինչ գնով էլ լինի, մենք պարտավոր ենք օգնել նրանց: Ցավոք, մեր ուսանողներից տասը զոհվեցին, ունենք նաեւ վիրավոր ուսանողներ:

Մենք առաջին համալսարանն էինք, որ նման ինտեգրացիոն նախագիծ պատրաստեց: Կազմակերպել ենք անհատական ու խմբակային դասընթացներ, խորհրդատվություններ: Յուրաքանչյուր ամիս հանդիպում ենք այս ուսանողների հետ եւ քննարկում՝ ինչի կարիք ունեն, եւ մենք ինչ կարող ենք անել իրենց համար: Բացի այդ, եթե ցանկանում են, անցկացնում ենք նաեւ անհատականացված հանդիպումներ՝ անձնական հույզերը քննարկելու համար. դրանք միշտ գաղտնի են մնում:

Ավելին՝ մենք որոշել ենք փոխհատուցել այդ ուսանողների մեկ տարվա ուսման վճարը: Նույնքան գումար տվել ենք իրենց տղաներին կորցրած ընտանիքներին: Դրանով փորձել ենք մեր աջակցությունը ցույց տալ այդ ընտանիքներին: Ես հանդիպել եմ այդ մարդկանց, մասնակցել եմ հուղարկավորություններին: Մենք ուշադիր ենք նրանց նկատմամբ, քանի որ բոլոր ուսանողներին մեր ընտանիքի մաս ենք համարում:

– Դուք արդեն կես տարի աշխատում եք այս համալսարանում: Ձեզ համար UFAR-ի ի՞նչն եք եզակի համարում:

– Երբ մուտք գործեցի համալսարան, առաջին քայլս ամբողջական գնահատում եւ ռազմավարության մշակում անելն էր: Չորս ամիսների ընթացքում՝ 2020-ի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր, 55 հարցազրույց եւ 45 հանդիպում եմ անցկացրել ու հսկայական քանակությամբ տվյալներ հավաքել: Միտքս հետեւյալն էր՝ ծանոթանալ այն խնդիրներին, որոնք պետք է բարելավել: Այս գործընթացը շատ ինտենսիվ էր. ինձ համար կարեւոր էր այդքան մարդու հանդիպելը, ապագայում նույնպես կշարունակեմ հանդիպումները:

Մի քանի բան կա, որ կցանկանայի նշել՝ պատասխանելու հարցին, թե ինչն է ինձ համար եզակի եւ առանձնահատուկ UFAR-ում: Առաջինը բարեվարքությունն է, հատկապես եթե UFAR-ը համեմատում եք այլ երկրների համալսարանների հետ: Որոշ երկրներում դուք կարող եք առանց կրթություն ստանալու դիպլոմ գնել, ու դա հնարավոր է անգամ զարգացած երկրներում: Մինչդեռ եթե UFAR-ում ես, աշխատանքը կարեւոր է, պետք է քրտնաջան սովորես:

Երկրորդը՝ մասնագիտական հմտությունների փոխանցումն է: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ուսանողների աշխատանքային կարիերային: Ուսումնական պլանները կազմում ենք՝ ըստ շուկայի պահանջարկի: Ունենք հատուկ դասընթացներ, որոնք ուսանողներին ուղղորդում են աշխատանք գտնելու հարցում:

Երրորդը՝ կանանց ներգրավվածությունն է: Մեր ուսանողների 70%-ից ավելին իգական սեռի են: Վերցնենք, օրինակ, համակարգչային գիտությունների բաժինը, որի ուսանողների 56%-ը աղջիկ է. անգամ զարգացած երկրներում նման ցուցանիշներ երբեւէ չես հանդիպի:

Չորրորդը՝ UFAR-ը դուռ է բացում դեպի Եվրոպա: Օրինակներից մեկն այն փաստն է, որ մեր ուսանողները պետք է տիրապետեն չորս լեզուների: Կարեւոր է իմանալ, որ ուսանողների մեծ մասը համալսարան ընդունվելիս ֆրանսերեն չի խոսում, մենք ենք նրանց սովորեցնում: Օրինակ, 2020-ի սեպտեմբերին մեր առաջին կուրսի ուսանողների 92%-ը ֆրանսերեն բառ անգամ չգիտեր: Բացի ֆրանսերենից, ուսանողներն այստեղ պետք է նաեւ տիրապետեն հայերենին, ռուսերենին եւ անգլերենին: Որքան շատ եք մարզում ուղեղը, այնքան շատ բան եք ի վիճակի անել: Մենք հավատում ենք, որ շատ լեզուների տիրապետումը զարգացնում է մեր ուսանողների ուղեղը եւ մի շարք հնարավորություններ է ստեղծում:

Մենք Հայաստանում նաեւ միակ համալսարանն ենք, որ ուսանողներին տալիս ենք եվրոպականդիպլոմ: UFAR-ի շնորհած դիպլոմները  հավասարապես ճանաչված են Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Գերմանիայում…

– Լրանում է նաեւ կես տարին, ինչ ապրում եք Հայաստանում: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում՝ հայերով շրջապատված:

– Հայաստանը չունի ծով, նավթ, տարածքով փոքր է. ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է:

Մարդկության պատմության ընթացքում, երբ մի ժողովուրդ հայերի նման տառապանքներ է կրում, նկատում ես, որ այդ տառապանքները մարդուն ավելի ուժեղ են դարձնում: Դիմացկունությունն է հայերի այն կարեւորագույն որակը, որ զարգացել է դարերի ընթացքում: Հայաստանի ոսկին ձեր ժողովուրդն է: Քանի որ դա է ձեր լավագույն ռեսուրսը, պետք է այն ավելի բարելավեք: Իմ նպատակն է, UFAR-ում երիտասարդներին կրթություն տալով, զարգացնել այդ կարեւոր ռեսուրսը:

Բերտրան Վենարի հետ զրուցել է Ամալի Խաչատրյանը

Լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի

Աղբյուր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մելիքանիստ Տող. «երկու տեսակ թուրքերն» ու Շարժման առաջին «տողը»

Հաջորդ գրառումը

Ոստիկանները քաշքշում են կանանց, բերման ենթարկում․ լարված իրավիճակ՝ կառավարության շենքի դիմաց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տարեվերջին նախատեսված է հայկական պատվիրակության այցն Ադրբեջան. Մամեդով

19/11/2025
Նորություններ

Հերբստը հայտարարել է, որ Թրամփի ուղի կոչվող միջանցքն ընդգծում է Թրամփի անձնական շահագրգռվածությունը խաղաղության գործընթացի հաջող առաջխաղացման հարցում

18/11/2025
Նորություններ

Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար. գետի ջուրը նվազել է 35֊40%֊ով

16/11/2025
Նորություններ

«Իսկանդերի» հարվածի բեկորները Կիևում վնասել են նաև Ադրբեջանի դեսպանատունը. Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին Բաքուն բողոքի նոտա է հղել

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանները քաշքշում են կանանց, բերման ենթարկում․ լարված իրավիճակ՝ կառավարության շենքի դիմաց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական