Ադրբեջանն ունի բնական գազի պաշարներ, որոնք բավարար կլինեն առնվազն 100 տարի, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Ադրբեջանում բնական գազի ապացուցված պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խորանարդ մետր: Այս ծավալը բավարար է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար առնվազն 100 տարի», – ասել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը սկսել է բնական գազ արտահանել Եվրոպա անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին:
Ալիևի խոսքով՝ ներկայումս Ադրբեջանում գազի նոր հանքավայրերի ուսումնասիրություններ են ընթանում և «արդյունահանման ծավալների ավելացման ներուժ կա»:
Նա հավելել է, որ ներդրումներ են կատարվում վերականգնվող էներգիայի աղբյուրներում: «Մենք կկարողանանք արտահանել մեր սպառած բնական գազը, քանի որ այն կփոխարինենք արևային և քամու էներգիայով: Հետագայում մենք կկարողանանք ընդլայնել Եվրոպայում մատակարարումների աշխարհագրությունը դեպի Բալկաններ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ», – եզրափակել է Ադրբեջանի նախագահը: