Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ավելացնել համատեղ զորավարժությունները, որոնցում ներգրավված են տարբեր տեսակի զորքեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ չորեքշաբթի ընդունելով Թուրքիայի նոր դեսպան Ջահիթ Բաղչըին. հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Պաշտպանության նախարարը շեշտել է, որ նախատեսվում է ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը, որոնցում ներգրավված են տարբեր տեսակի զորքեր, այդ թվում՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հասանովը նշել է, որ երկրի զինված ուժերում շարունակվում են բարեփոխումները՝ ուղղված ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն:
Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ Ղարաբաղում տարածքները ականներից ու չպայթած զինամթերքից մաքրելու նպատակով ռազմական անձնակազմի պատրաստմանն աջակցելու համար։