Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ՝ Թբիլիսիի Զուբալաշվիլի և Չիչինաձե եղբայրների փողոցների խաչմերուկում, իրավիճակը սրվել է, տեղեկացնում է Новости-Грузия-ն։
Նշվում է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ՝ շշեր, ճայթուկներ, ձվեր, ներկանյութեր, գունավոր ծուխ։ Այդ ամենը ուժայինները վերադարձրել են ամբոխին՝ անպարկեշտ ժեստերի ուղեկցությամբ։
Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ ցուցարարները «չպարզված առարկաներ» են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է։
Մի քանի րոպե բարձրախոսներով ցուցարարներին ցրվելու կոչ են արել։ Անվտանգության ուժերն արդեն ջրցան մեքենա են կիրառել։ Իրավիճակը պարբերաբար վատթարանում է: Հաղորդվում է, որ առնվազն մեկ ցուցարար վիրավորվել է:
Ռուսթավելիի փողոցում խաղաղ ցույց է ընթանում: Ազատության հրապարակում մարտական պատրաստության են բերվել նաև հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ-ի մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո Թբիլիսիում բողոքի ցույցեր են։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ «Վրաստանում ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին»։
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի վերջը: