Նոյեմբերի 14-ին՝ մոտավորապես ժամը 1:00-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, Ադրբեջանի դեսպանատան տարածքում ընկել է «Իսկանդեր» տեսակի մեկ հրթիռ։ Դրանից հետո Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա է հղվել։
«Բարեբախտաբար, այս հարվածը մարդկային զոհերի չի հանգեցրել», – հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին. հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումը և հայտնել իր լուրջ մտահոգությունը։
Ալիևն իր հերթին ևս դատապարտել է հրթիռակոծության դեպքը՝ ընդգծելով, որ դիվանագիտական առաքելությունների վրա նման հարձակումները անընդունելի են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների տեսանկյունից։
Նշենք, որ պայթյունի հետևանքով Ադրբեջանի դեսպանատունը շրջապատող ցանկապատի մի մասն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են կառույցներ, ծառայողական մեքենաներ, դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական հատվածը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին։




