Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կարծում է, որ Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Դեսպանի խոսքով՝ և՛ Իրանը, և՛ Հայաստանը կողմ են այս նախագծի իրականացմանը, և արդեն նախագծային աշխատանքներ են իրականացվել: Նա հույս հայտնեց, որ շինարարությունը նույնպես կսկսվի։
Ըստ Սոբհանիի՝ 2024 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում երկրների միջև կատարվել է ավելի քան կես միլիոն սահմանային ուղևորություն։
«Սահմանները հատել է 126 հազար բեռնատար՝ չհաշված ավտոբուսներն ու մեքենաները։ Անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է մինչև 755 մլն դոլար, և մենք ցանկանում ենք այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հետո՝ 3 մլրդ դոլարի։ Ագրակ-Քաջարան ճանապարհի կառուցման գործում առաջընթաց է գրանցվել, իսկ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները վերջնական փուլում են»,-մանրամասնել է դեսպանը: