Թեհրանը զարմացած է իրանական կողմի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից և չի հանդուրժի իր սահմանների մոտ իսրայելական ուժերի ներկայությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Այն իրավիճակում, երբ երկու երկրների հարաբերությունները լավ են, հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, և երկու կողմերի միջև ամենաբարձր մակարդակով գոյություն ունեն սովորական հաղորդակցման ուղիներ, այս կերպ արված հայտարարությունները զարմանալի են», – մեջբերում է նախարարության մամուլի ծառայությունը:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանի մոտ Իրանի ռազմական զորավարժությունները «կապված են ինքնիշխանության հարցի հետ և իրականացվել են ամբողջ տարածաշրջանի կայունության ու հանդարտության շահերից ելնելով»: «Իրանը չի հանդուրժի Իսրայելի որևէ ներկայություն իր սահմանների մոտ և այդ ուղղությամբ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր գործողություններն իր ազգային անվտանգությունն ապահովելու համար», – նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը: