Իրանը կբանակցի պատժամիջոցները վերացնելու դեպքում. Զարիֆ

124

Փետրվարի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել, եթե ԱՄՆ-ը վերացնի երկրի նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Զարիֆը իրանական Press TV հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ երբ Գործողությունների համատեղ ծրագիրը ստորագրողները՝ բոլորը, կատարեն իրենց պարտավորությունները, Իրանը կվերադառնա բանակցություններին:

Վկայակոչելով ԱՄՆ-ի կողմից համաձայնության չկատարումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտումը՝ նա ասել է, որ Իրանը չի խախտել համաձայնագիրը, այլ որոշ «ճշգրտող միջոցներ» է ձեռնարկել, համաձայնագրի 36-րդ հոդվածի համաձայն, որպես հակաքայլ մնացածի կողմից չկատարման դեմ:

«ԱՄՆ իշխանությունները պետք է բացեն իրենց աչքերը, սթափ գնահատեն անցյալը ոչ միայն Թրամփի հետ, այլև հասկանան, որ այս երկրի հետ գործում է միայն հարգանքի սկզբունքը»,– ասել է Զարիֆը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը կախվածություն ունի պատժամիջոցներից, ահաբեկումներից և ճնշումներից: «Բայց սա չի աշխատում հազարամյա պատմություն ունեցող երկրի համար: Մենք ունեինք համաշխարհային կայսրություն, որը շատ ավելի երկար է տևել, քան Միացյալ Նահանգները»,- ասել է Զարիֆը: