«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի առնչությամբ ադրբեջանական կողմն օպերատիվ կերպով հայկական կողմին է ներկայացրել իր մեկնաբանությունները։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական ԶԼՄ-ների հարցին՝ կապված խաղաղության պայմանագրի շուրջ հայ պաշտոնյաների հայտարարությունների հետ։
Նա նշել է, որ հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը «չի արտացոլում իրականությունը և հերթական մանիպուլյացիա է Հայաստանի կողմից» (չակերտները՝ Tert.am)։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր ասել է, որ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։
«Իմ տեղեկություններով մինչև այս պահն Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասել է Խանդանյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։