«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 31-ին բանաձև է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում նաև Վրաստանում տիրող իրավիճակին: Ինչպես նշվում է բանաձևում, Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին ժողովրդավարության անկումը. տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիք:
Խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանիի խոսքով՝ «Եվրանեսթ»-ի բանաձևը ստորագրել են վրացիների թշնամիների դիրքորոշմամբ հանդես եկող եվրոպացի խորհրդարանականները, ովքեր բազմիցս ընդունել են նմանատիպ բանաձևեր։
«Ցավոք, գտնվեցին հայ պատգամավորներ, որոնք, ըստ էության, անվստահություն հայտնեցին սեփական վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնապես գտնվում էր Վրաստանում և հանդիպում էր ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ։ Աջակցելով բանաձևին, որում խոսվում է վրացական կառավարության ոչ լեգիտիմության մասին, նրանք անվստահություն են հայտնում սեփական վարչապետին։ Այդ փաստարկները մեզ հստակ ցույց են տալիս, թե որքան անիմաստ է այս բանաձեւը, որը զուրկ է բովանդակությունից, դրա նպատակն է թեկուզ մեկ աղյուս դնել ի վնաս Վրաստանի», — հայտարարել է Ցիլոսանին։





