«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի շատ վտանգավոր հռետորաբանությունից։ ՀՀ պետական դեմքերը վերջերս Ադրբեջանը համեմատել են «Իսլամական պետության» և Ալ-Քաիդայի հետ: Իմ կարծիքով` դա շատ վտանգավոր հռետորաբանություն է: Երբ Փաշինյանը նման բաներ է ասում, պետք է հասկանա՝ մենք դա լսում ենք, և մտածի՝ ինչպիսին կարող է լինել մեր արձագանքը»,- Բաքվում ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելին՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հավելել է, որ Հայաստանի ղեկավարության խոսքերը հակասում են նրանց գործողություններին։
Իլհամ Ալիևը, փաստորեն, պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանցիների հայատյաց ու ագրեսիվ գործողությունները նկարագրող հայտարարությանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին, Կառավարության նիստին Փաշինյանն իր ելույթում ասել էր.
«Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով՝ բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից ու կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքը աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը եղբայրական զգացումներ ու գործընկերային հարաբերություններ ունեն տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը»։