News.am-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ բոլոր երկրների շահերից է բխում Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին մեծացնելը, վրացական նավահանգիստները Կենտրոնական Ասիայից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ բեռների համար օգտագործելը, գրում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո այսօր կայացած մամուլի ասուլիսում Ալիեւը նշել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ բեռնաշրջանառությունն աճել է 75 տոկոսով։
«Պետք է ասեմ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային տրանսպորտը կարող է օգտագործվել հինգ միլիոն տոննա բեռնելու համար, հաջորդ տարի մենք ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս երթուղին՝ Կասպից ծովով, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Եվրոպա բեռներ փոխադրելու, ինչպես նաեւ նոր ուղիներ զարգացնելու համար»,- ասել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահի խոսքով, «ստեղծվում է նոր իրողություն, որին մենք պետք է պատրաստ լինենք»։
Նա նաեւ նշել է, որ Բաքվի միջազգային ծովային նավահանգստում «լրացուցիչ ներդրումներ կկատարվեն»։
«Մենք պետք է սերտորեն համագործակցենք Վրաստանի հետ տրանսպորտի ոլորտում, քանի որ դա պետք է լինեն համախմբված, համատեղ ջանքեր։ Տրանսպորտային կարողությունները զարգացնելու համար մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր հարեւանների հետ, այլապես չենք կարողանա հուսալի տարանցիկ երկիր լինել։ Ի դեմս Վրաստանի՝ մենք ունենք բարեկամ, հարեւան եւ գործընկեր երկիր»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը նշել է, որ «աշխարհում աճում է էներգակիրների պահանջարկը», իսկ Վրաստանն ու Ադրբեջանը «ներկայացված են նույն ճակատում»։
«Մենք կաշխատենք միասին, որպեսզի մեր ազգային շահերը, եղբայրական ժողովրդի շահերը կառուցվեն նման հարաբերությունների վրա, կստեղծենք այնպիսի կարեւոր հարաբերություններ, որոնք օգուտ կբերեն աշխարհին։ Սրա հիմքում մեր բարեկամությունն է՝ մեր ժողովուրդների, մեր երկրների եւ մեր երկրների առաջնորդների աջակցությամբ»,- ասել է Իլհամ Ալիեւը։