Քաղաքացիական համերաշխություն կուսակցության առաջնորդ և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին ասել է․ «Համաշխարհային հանրությունը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժանքները ընկալել է որպես Անկարայի արձագանքը Թովուզում հայկական սադրանքներին», հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Հայաստանը սպառնում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային: Հայերն ամբողջ աշխարհում իրականացնում են հակաթուրքական քարոզչություն, նրանք չեն ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ հավակնություններ ներկայացնելով եղբայրական երկրի արևելյան նահանգների նկատմամբ: Թուրքիան ու Ադրբեջանը այլ ճանապարհ չունեն, քան համատեղ գործելը», շեշտել է Ռուստամխանլին:
Ադրբեջանի «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆարաջ Գուլիևը անհրաժեշտ է համարում Ադրբեջանի և Թուրքիայի խորը ինտեգրումը՝ այս գործընթացում այլ թյուրքախոս պետությունների ներգրավմամբ: «Անհրաժեշտ է ձևավորել պաշտպանության միասնական համակարգ: Եկել է միասնական բանակ ստեղծելու ժամանակը», ասել է Գուլիևը: