2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրենց թերություններով և բացասական հետևանքով հանդերձ մեկ դրական ազդեցություն ունեցել է՝ ցույց է տվել, որ փողը քաղաքականության մեջ որևէ դեր չունի, երբ այն հայտնվում է քաղաքականության հետ որևէ կապ չունեցող մարդկանց ձեռքին։
Նախկինում փողը մշտապես խնդիր է եղել Հայաստանի քաղաքական դաշտի համար։ Մարդիկ կարող էին տարիներով իրենց սկզբունքների համար պայքարել, հալածվել և հանրային շահը պաշտպանել, բայց գալիս էր ընտրությունների ժամանակը, նյութական հարստություն ունեցող գործիչները բացում էին իրենց քսակները ու տասնյակ հազարավոր ձայներ հավաքում։ Գաղափարական քաղաքական գործիչները մնում էին լուսանցքում կամ ստիպված էին լինում դեմ գնալ իրենց սկզբունքներին և այս կամ այն նյութական հարստություն ունեցողի քողի տակ որոշակի դերակատարում ունենալ, եթե կարելի է, իհարկե, դա դերակատարում համարել։
Հիմա արդեն իրողություն է փոխվել։ Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ «փողը արդեն մութ տեղը լույս չի տալիս», որ ոչինչ չունեցող Վարդան Ղուկասյանը (Դոգ) միայն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով կարող է 1,5 տոկոս ձայն հավաքել։
Այն, որ ապաքաղաքական գործչի փող ունենալն այլևս եղանակ չի փոխում՝ լավագույնս ապացուցում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տապալումը։ Գագիկ Ծառուկյանը լինելով Հայաստանի ամենահարուստ գործիչներից մեկը, ունենալով տասնյակ հազարավոր աշխատակիցներ՝ չկարաղացավ հաղթահարել անցողիկ շեմը։ Սա կարելի է համարել Փաշինյանի կազմակերպած խայտառակ ընտրությունների ամենաէական ձեռքբերումը։ Հիմա, արդեն քաղաքական մտքի, տեխնոլոգիաների և ճկունության ժամանակաշրջան է սկսկել, իսկ փողն այս իրողոթյան պայմաններում կարող է միայն լինել օժանդակող միջոց և ոչ երբեք քաղաքական հենասյուն և հիմնական գործոն։
Հ․Գ․ Ի դեպ, պետք է նկատել, որ արձանագրված պարտությունն իրականում հաղթանակ է Գագիկ Ծառուկյանի համար։ Վերջապես նա կարող է ազատավել ծանր բեռից ու դադարել զբաղվել նրանով ինչից գլուխ չի հանում։ Սա, իհարկե, ձեռնտու չէ այն շրջանակներին ․ ովքեր սնվում են Ծառուկյանի միջոցներից և կարող են պնդել, որ նա դեռ անելիք ունի, բայց նրա անելիքը մեկն է՝ վերջնականապես փակել քաղաքականության 2015-ին դեռևս կիսափակված էջը։






