Փաշինյանը Մայր Աթոռ էր ուղարկել լյումպեն մի խառնամբոխ, որն իր համար մսացու է լինելու բախման դեպքում
Նիկոլ Փաշինյանն իրեն ենթակա 10 եպիսկոպոսների օգնությամբ Մայր Աթոռում բեմականացրեց հավանական բախման գլխավոր փորձերից մեկը։
Պատահական չէ, որ հինգշաբթի օրը իշխանությունը Մայր Աթոռ էր ուղարկել միայն ՔՊ-ական ստորին շերտերին ու լյումպեն մասայից բաղկացած մի խառնամբոխ, որը Նիկոլ Փաշինյանի համար կարող է մսացու լինել բախման դեպքում, իսկ ո՛չ ինքը, ո՛չ էլ բարձրաստիճան այլ ՔՊ-ականներ ներկա չէին՝ դրանով ստեղծելով պատրանք, իբր իրենք չեն խառնվում Եկեղեցու գործերին։
Գործողությունների զարգացման հետագա ընթացքը շատ ակնհայտ է, քանի որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի քայլերը վաղուց շատ պարզունակ են ու կանխատեսելի։ ՔՊ-ական խառնամբոխը՝ տարբեր գնելսանոսյանների, դաջվածքով դպիրների ու դեռևս ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանին ոչխար անվանած կարգալույծ քահանաների օգնությամբ ու 10 եպիսկոպոսների առաջնորդությամբ, կհրահրի բախում այդ ամբոխի ու Վեհափառին աջակցության համար եկած ժողովրդի միջև, ինչին էլ կհաջորդեն ձերբակալումներն ու կալանավորումները, որոնց թվում կլինեն նաև ընդդիմության ներկայացուցիչները։
Նախօրոք կարելի է ասել նաև, թե ինչ մեղադրանքներ կառաջադրվեն ձերբակալվածներին։ Նրանք բոլորը ՔՊ-ական իշխանության կողմից կհռչակվեն որպես «օտարերկրյա գործակալներ», որոնք արտաքին ուժերի կողմից տրամադրվող «միլիարդավոր դոլարների» դիմաց փորձում են ՀՀ քաղաքացիներից «խլել ժողովրդավարությունը»։
Կարեն Կարապետյան, քաղաքական վերլուծաբան





