Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հեծանվային երթը տալիս է տվյալ տարածքը նորովի բացահայտելու հնարավորություն: Վարչապետը նշել է, որ կարելի է այս մրցուղին դարձնել հեծանվային և հայտնել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում: Արդյունքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, լեռնային հեծանվավազքի այս երթուղին կարող է դառնալ Ապարան խոշորացված համայնքի՝ առողջ ապրելակերպի հետ կապված բրենդը:
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է մրցաշարին նաև օտարերկրյա քաղաքացիների մասնակցելու փաստը և հույս հայտնել, որ Ապարանի լեռնային հեծանվամրցաշարը կդառնա միջազգային: Դա, ըստ վարչապետի, հնարավորություն կտա առավել ընդգծել մեր հայրենիքը, հայրենիքի այս գեղատեսիլ հատվածը, բարեկեցության նոր մակարդակ, եկամուտ բերել համայնքին, այնտեղ ապրող մարդկանց, ձևավորել համագործակցության իրական մթնոլորտ:
Վարչապետը շնորհավորել է նաև բոլորին մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության առիթով: