Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ճանաչում եմ շուրջ 5-6 տարի՝ որպես հակահայ ռեժիմի դեմ անդուլ ու անհոգնել պայքար վարող գործիչ։ «18 արդարների» գործով նա կալանավորվել է հուլիսի սկզբներին և շուրջ 5 ամիս է՝ ինչ կալանքի անվան տակ փաստացի պատիժ է կրում «Նուբարաշենի» բանտում։
Եվ ահա այսօր Վահագնի փաստաբանը ահազանգեց, որ նրան անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց (կարցեր):
Այդ առթիվ ցանկանում եմ, նախ, արտահայտել Վահագնի հանդեպ հարգանքս, ապա՝ տարածել նրա խոսքը բանտից, ինչպես նաև կոչ ուղղել հանրությանը՝ ուշադրության տակ պահելու քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի իրավունքների հարցը։
Վահագնի խոսքը՝ ստորև։
ՀԳ. Ազատութիւն եղբարց մերոց գերելոց։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում եւ փաստաբանի միջոցով իր խոսքն է ուղղում հանրությանը.
«Մշտապես եղել են տարաբնույթ եւ տարատեսակ սադրանքներ եւ ապօրինություններ, որոնք ս.թ. դեկտեմբերի 4-ից հետո կրել են աննախադեպ բնույթ եւ «հանգուցալուծումը» եղավ այսօր՝ պատժախուց իմ հայտնվելով:
Ի գիտություն հանրությանը՝ ուզում եմ նշել, որ ապօրինությունների, սադրանքների եւ անմարդկային վերաբերմունքի՝ դրանցից բխող հետեւանքների պատասխանատվությունն ամբողջապես եւ լիովին ընկնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:
Հ.Գ. – 44 օրյա պատերազմի ժամանակ սրանից ավելի ծանր պայմաններում ենք ապրել՝ ցեխի մեջ եւ անձրեւի տակ, բայց այն ժամանակ աչքերիս առջեւ եւ սրտերիս մեջ Արցախ ու Հայաստան կար: Իսկ այսօր մատի ու մատանու արանքը մտած չինովնիկների ապօրինությունների եւ Նիկոլի կողմից բռնաբարված խոսքի ազատության եւ ժողովրդավարության հետեւանքով են այս փորձությունները:
Անգամ այս դժվարությունների մեջ կամքս ամուր է, ընթացքս հաստատակամ եւ վստահաբար ասում եմ Ձեզ՝ հաղթանակն անխուսափելի է:
Կեցցե՛ Հայաստանը եւ Արցախը:
Կեցցե՛ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:
Վահագն Չախալյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.12.2025





