«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների ու անվանի զորավարների մեծադիր լուսանկարների հետ, երթի մասնակիցները տանում էին նաև Արցախյան նորօրյա պատերազմի հերոսների ու զինվորների լուսանկարներ:Երթի մասնակիցները քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել՝ Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին :
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը տեղեկացրեց, որ «Անմահների գնդի երթ» է կազմակերպվել նաև Մարտակերտում և Մարտունիում:
«Մենք պիտի հիշենք, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը միասնական ուժերով է կերտվել: Այդ պատերազմին շատ հայեր են մասնակցել և մենք պետք է հիշենք նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հաղթանակի օր մեզ պարգևելու համար: Միջոցառմանը մենք ավելացրել ենք նաև «Արցախյան պատերազմի հերոսներ» խորագիրը՝ մեր նահատակված զինվորների լուսանկարներով: Երթին մենք ներկայացրել ենք, բոլոր այն հերոսների լուսանկարները, որոնց հարազատները արձագանքել են մեր հայտարարությանը և տրամադրել նրանց լուսանկարները: Մյուս Տարի նախատեսում ենք ավելացնել նաև Նորօրյա պատերազմի հերոսների լուսանկարներ»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ամենամյա «Անմահների գնդի երթ»-ը նաև ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակ ունի:
Միջոցառմանն ամեն տարի ակտիվ մասնակցություն է ունենում նաև Արցախի ռուսական համայնքը:
Համայնքի ղեկավար Գալինա Սոմովան տեղեկացրեց,որ երթն արդեն 9-րդ տարին է ինչ կազմակերպվում է:
«Մենք պարտավոր ենք հիշել Հաղթանակի օրը:Պետք է հիշել այն զինվորներին,որոնք մեզ նվիրել են այս օրը: Խորհրդային ժամանակահատվածի այդ գաղափարախոսությամբ էինք մենք դաստիարակվել, երբ Արցախը 1994 թվականին զբաղեցրեց իր հողերը, ինչը ցավոք,տեղի չունեցավ այս անգամ : Մենք սգում ենք արցախահայության հետ:Մենք ապրում ենք այստեղ և ստացվում է սա մեր հողն է նաև, որովհետև մեր երեխաներն ու թոռները ծնվել են այստեղ: Մենք պետք է հիշենք հաղթանակի օրը: Այդ հիշողությունը մենք պետք է պատվաստենք մեր երեխաների մեջ և նրանք պետք է սովորեն հաղթանակի դասերը»,-ասաց Սոմովան:
«Անմահների գնդի երթ»-ին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: