ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունման հարցում: Բանաձեւն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում:
2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: 2021 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղած ուղերձում Ջո Բայդենն ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա իր ելույթում օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը: