Մեր համաքաղաքացիներին, համագյուղացիներին, հարազատներին, քույրերին, եղբայրներին պետք է բացատրենք իրավիճակի լրջությունը։ Այս մասին Արարատի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր երկիրն աղետի առջեւ է, սա բոլորդ քաջ գիտեք։ Առաջիկա 20 օրերի ընթացքում մենք պետք է մտնենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտանիք, երկրին սպասվող այս մարտահրավերը, այս լրջությունը մենք պետք է դարձնենք յուրաքանչյուր հայի սեփականություն։ Հունիսի 20-ին միասնական ուժերով պետք է հեռացնենք այս չարիքի կառավարությանը եւ կառուցենք ուժեղ Հայաստան»,- նշեց նա։
Սաղաթելյանն անդրադառնալով Հայաստանի զարգացման իրենց տեսլականին՝ ասաց. «Երեկ ներկայացրինք Հայաստանի զարգացման մեր՝ 5 տարիների ծրագիրը, մեր տեսլականը, մեր թիմը, ծրագրում չկա ամբոխավարություն, պոպուլիզմ, կան հստակ թվեր, մենք ծանոթ ենք մեր երկրի խնդիրներին, լուծման ճանապարհներին եւ ունենք այդ թիմը՝ մեր երկիրը բնականոն զարգացման հուն տեղափոխելու համար։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է հպարտանալ իր մեծ թիմով, եւ մենք՝ իբրեւ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ՝ պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը, միասին քշենք այդ իշխանությանը եւ ձեւավորենք նոր որակի իշխանություն։ Մենք այս ընտրություններին չենք մասնակցում 5, 7, 10 տոկոս քվե ունենալու կամ խորհրդարանում ներկայացված լինելու համար։ Մենք ընտրություններին մասնակցում ենք այս իշխանությանը հեռացնելու, ամբողջական իշխանություն ձեւավորելու եւ մեր երկրի մարտահրավերները միասին լուծելու համար»։