Այսօր այս ձախողված լրագրողը կրկին կիսվել է հայոց պետականության և ցեղասպանության մասին իր տնայնագործ մտքերով։
Նախ, մենք պետականություն ունենք այն պատճառով, որ 1918 թվականին Հայաստանում գտնվեցին մարդիկ, որոնք, ի տարբերություն նրա և իր աղանդավորների, կանգնեցին իրենց ժողովրդի պաշտպանության դիրքերում, այլ ոչ թե հանձնեցին իրենց ժողովրդին ու հայրենիքը, ինչպես արեցին սրանք։ Եթե 1918-ին նրա աղանդը լիներ իշխանության, Հայաստանը երբեք չէր լինի։ Սրանք կասեին. “Սարդարապատը Թուրքիա է, և վե՛րջ”, ու կգնային հանձնելու ամբողջ Հայաստանը՝ դրսի փողի ու հովանավորության դիմաց։
Երկրորդ՝ այս անձնավորության պատճառով հայերը դարձան պատմության մեջ առաջին ժողովուրդը, որի կառավարությունը հանգիստ հետևում էր, թե ինչպես են սպանում ու իրենց տներից վտարում իրենց հայրենակիցներին։ Առաջին ժողովուրդը, որին իր քարոզիչները սովորեցրին ատել սեփական հայրենակիցներին։ Առաջին ժողովուրդը, որը փախստականներին ասում էր. “Ինչո՞ւ չէիք կռվում”, “Ինչո՞ւ եկաք այստեղ”։ Նման բան պատմության մեջ երբեք չէր եղել։ Մենք դարձանք առաջինը։
Երրորդ՝ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային։ Ոչ ոք չի խոսել վրեժի, ատելության, տարածքների մասին։ Մենք խոսել ենք փոխադարձ հարգանքի, մարդկայնության և պատմական ճշմարտության մասին։ Միայն նման հիմքի վրա կարելի է իրական խաղաղություն կառուցել։ Եվ Թուրքիայում շատ ուժեր պատրաստ են նման երկխոսության։
Բայց դավաճանների, անհաջողակների և արժանապատվություն չունեցող մարդկանց հետ խաղաղության մասին չեն խոսում։ Նրանց հետ խոսում են կապիտուլյացիայի մասին։
Արդյոք սա կհամարձակվե՞ր ծաղկեպսակներ դնել Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի հուշաքարերի տակ։ Իհարկե ոչ։ Իր տիրոջից մեկ զանգ Բաքվից, և նա ծնկաչոք կսողար նրա մոտ խոնարհվելու՝ ներողություն խնդրելով։
Նա գրեց Հայոց ցեղասպանության գրքի վերջին (հուսանք) գլուխը։ Նրան հաջողվեց հայաթափել Արցախը, ինչը դարեր շարունակ չէր հաջողվում ոչ մի օտարերկրյա զավթիչի։ Եվ հիմա չի ամաչում այդ մասին ճառեր արտասանել։
Իսկ հաջորդ ճառը, հնարավոր է, լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ապամոնտաժման մասին՝ իր տերերի նոր հրամանով։ Դա արդեն այնքան էլ դժվար չէ պատկերացնել։
Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր









