ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: «Այս համատեքստում նախարար Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը:
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց քաղաքական երկխոսությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: