Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով նախաճաշ-կլոր սեղանին:
Միջոցառման ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։ Այն շարունակվել է փակ ձևաչափով:
Իր խոսքում Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի հետևողական քաղաքականությունը՝ ուղղված բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության ամրապնդմանը նաև նշել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, բայց միաժամանակ կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ու տնտեսական զարգացման ամրապնդմանը՝ միջազգային գործընկերների հետ կառուցողական համագործակցության միջոցով։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության առանցքային առաջնահերթություններին՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանը միտված քայլերին և «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։