Արթուր Խաչատրյանը գրում է.
Արցախի պաշարումը․ 2022 թվականի դեկտեմբերի 12
2022 թվականի դեկտեմբերի12-ին սկսվեց Արցախի պաշարումը։ Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» ու ՀԿ-ականները փակեցին Քաշաթաղի միջանցքը։ Ինը ամիս Արցախը դիմադրում էր, ինը ամիս ցրտին ու մթին, սովին ու գնդակոծություններին դիմացան։ 2023-ի սեպտեմբերին Հայաստանի կողմից դավաճանված ու աշխարհի կողմից անտեսված Արցախը ենթարկվեց ադրբեջանի հարձակման։ Ուժերն անհավասար էին։ Հուսահատ դիմադրելով Արցախի զինված ուժերն ու ղեկավարությունը կարողացան ժողովրդին դուրս հանել պաշարված ու հոշոտված Արցախից։ Հայաստանը որևէ գործուն քայլ չձեռնարկեց ոչ ճեղքելու Արցախի շրջափակումը, ոչ օգնելու արցախցիներին։ Փոխարենը՝ Հայաստանում հյուրընկալում է ադրբեջանցի դահիճ «ՀԿ-ականներին», իսկ Հայաստանից ինչ որ «ՀԿ-ականներ» գնում են Բաքու և Բաքվի դահիճների հետ «խաղաղության կամուրջ կառուցում»: Հետաքրքիր է Բաքվում նրանց սև խավիար հյուրասիրել էին։
Արցախի պաշարումին նախորդել էր պաշտոնական Երևանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը։ Արցախի հայաթափումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը թոկ էր Հայաստանի վզին։ Իսկ թոկը պետք է կտրել․․․ Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այլոց, հատկապես Արցախի վերջին օրերի ղեկավարությանը մեղավոր չկարգեր Արցախի բռնազավթման մեջ։ Հայաստանն ուրացավ արցախցիներին։ Ի՞նչ է, կարծում էր, որ դրանից հետո հնարավոր էր արցախցիների կյանքն Ադրբեջանում։
Այսօր Փաշինյանը փորձում է ամեն կերպ լռեցնել վերադարձի իրավունքը պահանջող կոչերը, փորձում է այդ հարցը հանել միջազգային օրակարգերից։ Դա հենց այն է, ինչ իրենից պահանջում է Ալիևը։ Փաշինյանը հայկական Արցախը համեմատում է երբեք գոյություն չունեցած, որևէ պատմա-իրավական հիմք չունեցող ինչ որ արևմտյան ադրբեջանի հետ։ Չգիտեմ, հասկանու՞մ է ինչ է անում։ Լավ էլ հասկանում է, և Արցախի մշտական ներկայացուցչությունում երեկվա խուզարկություններն այդ ծրագրի մի օղակ են։
Համակերպվել Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետ նշանակում է հանցագործությունն արդարացնել։ Իսկ հանցագործությունն արդարացնելը նույնպես հանցագործություն է․․․
Արթուր Խաչատրյան, ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն





