Երեւանի Կենտրոնի թաղապետարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Նշենք նաև, որ Արմեն Ազիզյանը ժամանակավոր կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է:
Նշենք, որ այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ: Առավոտյան թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձևով հրահանգել է ազատել աշխատասենյակը: Այնուհետև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Այդ պահին Tert.am-ը Կենտրոնի թաղապետարանի դիմաց է եղել, սակայն թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ լրագրողներին ներս չեն թողել:
Տեղի ունեցածի մասին Tert.am-ը փորձել է տեղեկություն ճշտել Ավետ Պողոսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է եղել:
Tert.am-ը ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացել է՝ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու: