Էրդողանն այսօր, իր կուսակցության համագումարի բացումից առաջ ելույթ ունենալով բազմահազարանոց հանրահավաքին, երիտասարդությանը պատգամել է տեր կանգնել իրենց ավանդված ժառանգությանը և ձեռնամուխ լինել 2053 և 2071 թվականների համար սահմանված ռազմավարական նպատակների իրականացմանը։ Այդ մասին սոցցանցում գրում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի եւ վարչության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը
«2053 և 2071 թվականները պատահաբար վերցված տարեթվեր չեն։ 2053-ին լրանում է Օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի կողմից Կոստանդնուպոլսի գրավման և Բյուզանդական կայսրության կործանման 600-րդ տարելիցը, որով Օսմանյան կայսրությունը դարձավ կենտրոնական գործոն եվրոպական միջազգային հարաբերություններում, իսկ 2071-ին լրանում է Մանազկերտի ճակատամարտի 1000-րդ տարելիցը, որտեղ սելջուկ թուրքերը ծանր պարտության մատնեցին բյուզանդական բանակին և հիմնեցին առաջին թյուրքական պետությունը Առաջավոր Ասիայում։
Հասկանալի է, որ այս թվականների հետ կապված ռազմավարական նպատակադրումները է՛լ ավելի պարզորոշ են ցույց տալիս Թուրքիայի ագրեսիվ ու հավակնոտ արտաքին քաղաքականության ապագան։ Ու որքան էլ շատերին ականջահաճո հնչի «խաղաղության խաչմերուկ» բառակապակցությունը, միևնույն է, այդ խաղաղ-խաչմերուկային տրամաբանությամբ խաղաղ համակեցություն չի լինելու այսպիսի Թուրքիայի և այսպիսի Ադրբեջանի հետ անգամ 29․743 քառ․կմ տարածքով։ Խաղաղություն կլինի երկու սցենարի դեպքում։
Առաջինը խաղաղ մահն է՝ որպես ազգ, որպես պետություն․ «տանք, հանգիստ ապրենք»-ն այստեղ ոչ միայն անպատիվ է, այլև խաբկանք է, քանի որ իրականում աշխատելու է «տանք, հանգիստ մեռնենք»-ը։
Երկրորդը դիմակայությունն է, որը դժվար է առաջինից, ինչպես ապրելն է դժվար մեռնելուց։ Դիմակայելը ամենևին չի նշանակում ուռա-հայրենասիրություն։ Համապարփակ անվտանգության ռազմավարության մեջ և՛ դիվանագիտություն կա, և՛ տեխնոլոգիաներ, և՛ բարձրակարգ կրթություն, գիտություն, մշակույթ, և՛ ամուր տնտեսություն, և՛ գաղափարախոսություն, և՛ համերաշխություն, և՛ երջանկություն․․․
Հոգեբանորեն գուցե դժվար է ռազմավարական նպատակադրումներ սահմանելը այն տարեթվերի համար, որոնք մարդը չի տեսնելու։ Էրդողանը չի տեսնելու ո՛չ 2053 թվականը, ո՛չ էլ, առավել ևս 2071 թվականը։ Բայց նա իր այսօրն ու վաղը կարգավորում է նշված տարեթվերի հեռանկարով։
Մենք պարտավոր ենք է՛լ ավելի երկար ու խորը նայել դեպի ապագայի հորիզոնները, անցյալում դա մեզ բնորոշ է եղել։ Վռամշապուհ արքան, Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը հենց հազարամյակների հեռավորության ուղենիշերով պրոյեկտ են արել։ Հետո մեր մեջ ներմուծվեց «նաղդի» ու «նիսյայի» հակադրության գաղափարը, և մենք դադարեցինք կամ վախեցանք հեռուները նայել։ Ու մեզանում գաղափարական տրանսֆորմացիան հենց այս ուղղությամբ է գնալու։
Ի դեպ, 2508թ․ լրանում է Բելի դեմ Հայկի հաղթանակի 5000-րդ տարեդարձը։ Հայոց պատմությունն սկսվել է դիմադրությունից»,- գրել է Սողոմոնյանը։