Դադարեք գովազդվել հարկատուների հաշվին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Ամեն անգամ, երբ մեզ ներկայացնում են նոր օբյեկտներ կամ նախագծեր, շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, դա հիմնականում ներկայացվում է, որպես առանձին պաշտոնիայի՝ համայնքի ղեկավար, մարզպետ, նախարար կամ անձամբ վարչապետի անձնական ձեռքբերում, խոստման կատարում (թարմ օրինակ՝ Գյումրիի ամանորյա եղևնին): Բայց եկեք անկեղծ լինենք. Իրականում հարկատուների միջոցներն են օգտագործվում, հարկատուների, ովքեր հռչակվել են «հերոս» հենց վարչապետի կողմից։ Հիմա ի՞նչ, երբ ձեռնտու չի «հերոսի» անունը չեք ուզում տալ:
Ես կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը մշակել օրինագիծ, որը կպարտադրի պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին բոլոր տեղեկատվական նյութերում, որոնք կվերաբերեն բյուջետային նախագծերին, նշել հետևյալ արտահայտությունը. «հարկատուների միջոցների հաշվին»։ Այս գրառումը պետք է զբաղեցնի տեղեկատվական նյութի մակերեսի առնվազն 25%-ը, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա, թե իրականում ով է վճարում այդ ձեռքբերումների համար։
Իշխանական ճառերում հարկատուն հերոս է, իսկ գործնականում իշխանության PR-արշավների հովանավոր։
Ժողովուրդը պետք է իմանա, որ այն ամենն ինչ արվում է իր միջոցներով է արվում և որևէ պաշտոնիայի առաջ դրա համար նվաստանալու, խնդրելու կարիք չկա»,-նշել է նա: