«Հրապարակ» թերթը գրում է.
Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական այցով երեկվանից Հայաստանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
Ուշագրավ է, որ հյուպատոսության շենքում վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց այն հանդիսավոր արարողությամբ բացելու որոշում է կայացվել, ենթադրվում է՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։ Բանն այն է, որ, ինչպես հաղորդում են Սյունիքի մեր աղբյուրները, մարզային իշխանություններն անգամ տեղյակ չեն եղել այսօր սպասվող միջոցառման մասին, եւ այն, ըստ էության, կայացել է սպոնտան։
Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին որոշում կայացրել էր դեռ 2021-ի դեկտեմբերին, իսկ դրանից հետո Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակել Աբեդին Վարամին: