Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը
«Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով: Իսկ արդյո՞ք այդ գործընթացում Թուրքիայի բուն նպատակը պատերազմը կանգնեցնելն ու բանակցություններ նախաձեռնելն է:
Դատելով միջազգային լրահոսում տեղ գտած տարատեսակ վերլուծություններից, Էրդողանն այդ «առաքելությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստանձնել է նախ և առաջ Թուրքիայի դերակատարությունը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով:
Պատերազմի դադարը չէ, որ այս պահին հետաքրքրում է Թուրքիային, այլ վատ ստարտային պայմաններով ընտրությունների գնացող Էրդողանի իմիջի բարձրացումը: Թուրքիան շարունակում է արդյունավետորեն հավասարակշռել իր դերակատարումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: ՌԴ հետ սկսված «բարեկամությանը» զուգահեռ Էրդողանը ձգտում է ամեն կերպ պահպանել ու ամրապնդել իր դիրքերը նաև արևմտյան ճամբարում:
Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լվով է մեկնել ոչ դատարկաձեռն։
Ելնելով այն հանգամանքից, որ նախագահների հանդիպումը կարճ է տևել (40 րոպե), և դատելով հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկու արված հայտարարությունից` այդ առաջարկները ի սկզբանե մերժվել են։
Ի՞նչ է տարել Էրդողանն իր հետ Լվով.
1. Ուկրաինան Ղրիմը ճանաչում է որպես ռուսական, Գերագույն Ռադան դա ճանաչում է և ներկայացնում որպես սահմանադրության փոփոխություն։
2. Ուկրաինայի բոլոր ռազմական դոկտրիններից հանվում է «ագրեսոր» երկրի հայեցակարգը և կնքվում է համապարփակ համագործակցության չեզոք համաձայնագիր և այն վավերացվում երկու երկրների խորհրդարանների կողմից։
3. ԼԺՀ և ԴԺՀ ճանաչվում են որպես առանձին հանրապետություններ, և նրանց ինքնիշխանությունը հաստատվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից։
4. Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնում են պլեբիսցիտ (հանրաքվե)։
5. Ուկրաինան ստանում է չեզոք ոչ բլոկային կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, որոնք տալիս են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները։
6. Ուկրաինայի ամբողջական ապառազմականացում:
7. Բոլոր բարեփոխումների և բոլոր համաձայնագրերի իրականացման ժամանակահատվածում Ուկրաինայի տարածք է մտցվում ՄԱԿ-ի միջազգային կոնտինգենտը, որը պաշտպանում է սահմանը, ատոմակայանները, նավահանգիստները և օդանավակայանները։
8. Տեղի են ունենում Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ:
9. Տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ:
10. Իրականացվում է Ուկրաինայի սահմանադրության ամբողջական փոփոխություն և թափանցիկություն, ռուսախոսների իրավահավասարություն և արտաքին քաղաքական չեզոքություն։
Հանդիպման միակ համաձայնությունն այն է, որ Թուրքիան ևս կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնմանը: Իսկ առայժ ընթացող պատերազմը լրջագույն հետևանքային սպառնալիք է նաև Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար: Չնայած, որ Հայաստանը` այլ երկրների հետ միասին հայտնվել է ֆինանսապես «շահեկան» վիճակում»,- գրել է նա: