Նոր պատերազմ չի լինի. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին վստահեցրել է տաքսու սիրիահայ վարորդը: Ինչու՞ ՝ հարցրել է լրագրողը։ «Առանց կռվի էլ Նիկոը տալիս է՝ ինչ ուզում են»,- նշել է վարորդը:
«Հայկական օրակարգ. շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ Սեյրանյանն ասաց, որ իշխանությունը, իր հովանու տակ գտնվող մեդիառեսուրսով նաև ֆեյքերի ֆաբրիկան օգտագործելով, լծվել է ապատեղեկատվություն տարածելու գործին: Լրատվամիջոցներն էլ շատ հաճախ զբաղված են իշխանությունների ստերը, կեղծիքները, մանիպուլյացիաները հերքելով՝ չանդրադառնալով ավելի լուրջ խնդիրների:
«Այս իշխանությունները, մեդիառեսուրս ասելով, հասկանում են ինտերնետ տարածքում ցանկացած բան՝ ֆեյք լրատվություն գեներացնող ֆեյսբուքյան էջերից, մինչև յութուբյան ալիքներ ու ֆեյք կայքեր։ Հսկայական ռեսուրսներ են ներդրվում, ինչը նշանակում է, որ իշխանությունները հասկանում են՝ խնդիր ունեն»,- նշեց նա:
Մարդիկ իշխանությունից այլևս ակնկալիք չունեն: Ակնկալիքներն ընդդիմությունից են: Մարդկանց նյարդերը պրկված են, ընդդիմությունը պետք է սա հաշվի առնի:
«Մարդկանց ավելորդ ծանրաբեռնել չի կարելի, քանի դեռ ընդդիմությունը պատրաստ չէ հետագա քայլերին ու մարդկանց մինչև վերջ տանելուն։ Ես այլևս նման հանրահավաքի իմաստը չեմ տեսնում»,-փաստեց Սեյրանյանը:
Ըստ նրա՝ պետք է միավորվեն կարող, մտածող բոլոր ուժերը. տեր կանգնել ավերակ դարձած երկրին, ոչ թե նայել, թե ինչ է անում իշխանությունը:
«Միավորվելու կարիք կա, ի հակադրություն այս անպատասխանատու իշխանությունների՝ ամեն օր թուղթ ու գրիչները վերցրած՝ տնայինները պետք է անեն։ Այս իրավիճակից ելքը պետք է լինի հարգանքի արժանի, վստահելի իշխանություն, ազգային անվտանգություն ունենալը։ Պետք է ամեն բան անենք, որ ռեսուրսները ցաք ու ցրիվ չարվեն»,-ասաց նա:
Առաջիկայում ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ռեպրեսիաները կուժեղանան. վստահեցնում է Սաթիկ Սեյրանյանը:
Միշտ է այդպես լինում, երբ իշխանության գործերը ծայրահեղ վատանում են, ձգում են գոտիներն ու գործի անցնում:
Ավելին՝ տեսանյութում: