Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի նախկին ղեկավար Սևակ Բաղդասարյանն ավելի քան 83 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` նախկին գյուղապետը բնակիչների ցուցակներում գրանցել է վերջին երեք ամիսներին համայնքում փաստացի չբնակված և տեղահանված արցախցիների համար նախատեսված ծրագրի շահառու չհանդիսացող 277 քաղաքացու տվյալներ:
Ապա ցուցակներն ուղարկվել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300 000-ական դրամ աջակցություն: Արդյունքում պետությանը պատճառվել է 83.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացահայտված դեպքով հարուցվել է քրեական գործ:









