ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի նկատառմամբ՝ ՔՊ-ը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան ժողովրդավար է և աշխատում է թափանցիկ:
«Հրապարակվեց արդյունք, որի հետ մեր որոշ գործընկերներ համամիտ չէին: Տեղի ունեցավ վերահաշվարկ, եղան ճշտումներ, և դրանց արդյունքում հրապարկվեց վարչության նոր կազմը: Ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ ինչպես բոլոր ընտրություններում, այդպես էլ այս դեպքում առաջնորդվել են օրենքով, և վերահաշվարկն ու արդարության վերհանումը ցույց են տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը. «ՔՊ-ը միակ կուսակցությունն է, որն իր ընտրություններն անցկացնում է այսպիսի բաց և թափանցիկ կերպով, ինչու չէ, նաև՝ ընդունում վրիպումները»:
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ էր համագումարին ԶԼՄ-ների մուտքն արգելված, նախորդ ընտրություններին այդպես չէր, Հակոբյանը նկատում է՝ ընտրությունների ամբողջ ընթացքն ուղիղ եթերով հեռարձակվել է:
«Օնլայն հարթակում հասանելի է եղել նիստը: Իսկ թե ինչո՞ւ է որոշվել այս անգամ ԶԼՄ-ների մուտքն արգելել, չեմ կարող ասել. ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվել»,- ընդգծում է նա:
Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ վերահաշվարկի ու սխալ տվյալներ հրապարակելու «մեղավորությունը» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանինն է, հետևաբար կուսակցությունը նրան է մեղադրում, այսպես ասած, այս իրավիճակի համար, զրուցակիցը շեշտում է՝ որևէ անձնավորված մեղադրանք չի կարող հնչել քաղաքական թիմի որևէ անդամի հասցեին:
«Եղել է խնդիր, վերահաշվարկ է եղել, արդյունքները հիմք ենք ընդունել ու անցել առաջ: Այստեղ ոչ մի անձնական որակումներ չեն կարող հնչել»,- ասում է նա:
AraratNews