ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«1. ՀՀ պետական սահմանի որոշման հարցերում որևէ մոտեցում կամ սկզբունք ընտրելիս պետք է պատասխանել առնվազն երկու ստուգող հարցի ՝ 1) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, 2) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում կամ խախտում է մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներն ու արդյոք բխում է իրավունքի գերակայության պահանջից։
2. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման հարցերը պետք է պարտադիր դիտարկել սահմանային բնակիչների ու նաև, առհասարակ, Հայաստանի ողջ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու գոյության, կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների երաշխավորման համատեքստում:
Ադրբեջանում ոչ միայն չի դադարել կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը, այլ նաև ավելի զարգացել ու նոր դրսևորումներ է ստացել՝ Հայաստանի տարածքին ու ողջ բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիքներով:
Ավելին, այդ երկրի նախագահի ելույթների ու հռետորաբանության ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին»։