ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
ԿԳՄՍՆ-ից Azg.am-ին հայտնում են, որ Երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացումը նախատեսվում է իրականացնել տեղեկատվության բարձրացման, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման (գործընթացում սոցիալական նորարարության խթանման, օրինակ՝ ֆինանսական գրագիտությունը զարգացնող առցանց խաղի մշակում և այլն) և այլ միջոցներով, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել կոռուպցիայի վերաբերյալ դասընթացներ:
Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Մրցույթի արդյունքում կարող են կնքվել մեկից ավելի պայմանագրեր:
Հաղթող ճանաչված մասնակցի/ների դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 30 երիտասարդ։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը ժամը՝ 11:00-ն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am կայքում:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին՝
Առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն,
Ծրագրի աշխատակազմի փորձառություն,
Ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:
Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
Նմանատիպ առնվազն 3 ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները:
Ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ):
Հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ):
Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Պետրոսյանին:
Հեռախոս` (+374 10 599 642)
Էլ. փոստ` armenuhi.petrosyan@escs.am