Նիկոլի՝ ՀԽՍՀ «սահմանների» մասին միֆերին անդրադարձել ենք:
Զանգելանի և Կուբաթլուի նախկին խորհրդային շրջանների՝ հայկական կամավորական ուժերի վերահսկողության տակ եղած հատվածները Փաշինյանի բանավոր և դավաճանական «ըմբռնման» արդյունքում թշնամուն հանձնելու իրողությանը ևս անդրադարձել ենք:
Թշնամուն հանձնվող ռազմավարական նշանակության դիրքերի հետ մեկտեղ թշնամու վերահսկողության տակ անցնող Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի մի շարք հատվածների հետ մեկտեղ վտանգվեցին նաև Սյունիքի մարզի արևելյան սահմանի ողջ երկայնքով տեղաբաշխված բնակավայրերը, որտեղ ապրելը գործնականում դարձավ անհեռանակարային: Ավելին, Փաշինյանի՝ Ալիևի հետ բանավոր և մութ պայմանավորվածության արդյունքում այսօր թշնամուն է հանձնվում Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի շուրջ կեսը. այդ հատվածում բնակվող շուռնուխցիներն արդեն վառում են իրենց տները և լքում իրենց պատերազմի ողջ ընթացքում և մինչ օրս զենքով հերոսաբար պաշտպանած պապենական օջախները:
Մեր նախորդ անդրադարձներում փաստել էինք նաև, որ GPS (GlobalPositioningSystem) կոչվող ամերիկյան նավիգացիոն համակարգի միջոցով պետական սահման որոշելը ոչ այլ ինչ է, քան քաղաքացուն պարզապես հիմարացնելու միջոցով պետության դեմ իրականացվող ծանրագույն հանցագործություն՝ դավաճանություն։ Վերստին պնդենք. GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝ միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմին կամ միջազգային արբիտրաժ։
Խորհրդային քարտեզները մատնանշելով՝ մենք նաև ցույց էինք տվել, որ, օրինակ, 1961 թ. ՀԽՍՀ ատլասում Գորիս-Կապան մայրուղին Հայաստանի ԽՍՀ կազմում է:
Ստորև կներկայացնենք մի շատ արժեքավոր խորհրդային քարտեզ՝ 1932 թ. ՀՍՍՀ (Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն) քարտեզը:
Սա քարտեզի՝ Սյունքի մարզը ներկայացնող հատվածն է:
Իսկ այս հատվածում խոշոր պլանով ներկայացնում ենք խնդրո առարկա Շուռնուխ գյուղը, որը, ինչպես տեսնում ենք, ամբողջությամբ ներառված է ՀՍՍՀ կազմում, իսկ Սովետական Ադրբեջանի վարչական սահմանը գտնվել է գյուղից բավականին հեռավորության վրա:
Եզրակացնենք.
- սահմանների որոշման՝ ներկայումս տեղի ունեցող գործընթացը և դրա հետևանքով հայկական բնակավայրերի հանձնումը թշնամուն, Փաշինյանի իշխանության կողմից թշնամու հետ բանավոր և դավադիր պայմանավորվածության արդյունք է, և այն որևէ առնչություն չունի անգամ խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցած իրողությունների հետ:
- GPS ամերիկյան նավիգացիոն համակարգի շահարկումը էժանագին և ծիծաղելի հնարք է, որի միջոցով Փաշինյանի իշխանությունը քողածածկում է հայրենիքի դեմ իրոգործվող դավադիր ծրագրի հերթական փուլը:
Վահե Սարգսյան