Ֆրանսիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը դատապարտել է Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ պատասխան պատժամիջոցների սահմանումը եւ լարվածությունը նվազեցնելու կոչ է արել:
«Ես վճռականորեն դատապարտում եմ Ռուսաստանի կողմից եվրոպական մի քանի պաշտոնյաների, այդ թվում` պատգամավոր Ժակ Մերի նկատմամբ ձեռնարկված միջոցառումները: Ես իմ համերաշխությունն եմ հայտնում նրանց: Մենք Ռուսաստանից ակնկալում ենք պատասխանատու վարքագիծ, ինչը անհրաժեշտ է ներկայիս լարվածությունը թուլացնելու համար»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա:Ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը հայտարարել էր, որ զարմացած է այս միջոցից, որը հաջորդել է ի պատասխան Եվրամիության որոշմանը: Նա հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը, որի Խորհրդարանական վեհաժողովում ինքը ներկայացնում է Ֆրանսիան, «պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ»: Պատգամավորն ընդգծել է, որ Մոսկվայի կողմից նման քայլը «ազդեցություն չի ունենա հետաքննության վրա», որն ինքը իրականացնում է Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկու զեկույց պատրաստելու շրջանակներում:
Artsakhpress.am