Մեր հնչեցրած հարցերին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շատ ադեկվատ գնահատականներ տվեց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Պատերազմական իրավիճակից իրենք տեղյակ էին եւ փորձում էին գտնել այն եղանակները, որոնք կզսպեն ադրբեջանցիներին-թուրքերին»,- նշեց Հակոբյանը։
Ըստ Հակոբյանի՝ ցանկացած երկրի միջնորդություն, որը տարածաշրջանում կբերի խաղաղություն, իրենց կողմից ողջունելի է։
Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քաղաքացիների պահանջին՝ ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Ո՞րն է մեր այլընտրանքը, որպեսզի մեր ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Մենք այստեղ ունենք ռուս-հայկական զորախումբ։ Ռուսաստանի այս իներտ պահելը բերում է նրան, որ, այո, մեր երկրում տրամադրություններ են փոխվում, որն ինչ-որ տեղ արդարացի է եղել»։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Փելոսին Երեւանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, ապա Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով։