Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«Սև լիճ» արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին` կառավարության որոշումը. 29.05.2002

1. «Սև լիճ» պետական արգելավայրը (այսուհետև՝ արգելավայր) կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշմամբ:

Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում, 2670 մետր բարձրության վրա: Նրա տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սև լիճը (200 հա մակերեսով) և առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով):

2. Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակը Սև լճի ջրային և նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումն ապահովելն է:

3. Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են և մասնավորեցման ենթակա չեն:

4. Արգելավայրի ռեժիմի փոփոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

5. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Սև լճի ամբողջ ջրհավաք ավազանը սահմանվում է որպես պահպանական գոտի:

6. Արգելավայրի տարածքում բնապահպանական ու բնօգտագործման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

7. Արգելավայրի հիմնական խնդիրներն են՝

ա) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.

բ) Սև լճի քաղցրահամ ջրային էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռի պահպանությունը.

գ) արգելավայրի վայրի բուսատեսակների և կենդանիների էկոլոգիական միջավայրի պահպանությունը.

դ) հազվագյուտ ու անհետացման վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

ե) արժեքավոր և անհետացման վտանգված տեղաբնակ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ բնական միջավայրի ապահովումը.

զ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:

8. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են՝

ա) Սև լճում Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը.

բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

9. Արգելավայրի տարածքում արգելվում են՝

ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը կամ սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

բ) լճի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).

դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

ե) թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.

զ) տարածքի հողը հերկելը:

10. Արգելավայրի տարածքում կարող են իրականացվել՝

ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու պրոցեսները կանխարգելող միջոցառումներ.

բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

դ) գիտահետազոտական ուսումնասիրություններ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված՝ արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող ցանկացած տնտեսական գործունեություն:

12. Արգելավայրի ռեժիմի պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Արգելավայրի ռեժիմը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: