«Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի կարծիքով՝ իշխանություններն այսօր հղում են անում ժողովրդին, բայց քաղաքացիների մեծամասնությունը, իրականում, դժգոհում է և հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
«Բոլորն էլ հասկանում են, որ մեր երկրի հետագա լինելիությունը կախված է հենց Նիկոլի գնալուց: Իրենք ամեն կերպ փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը, որովհետև աներես են: Ցանկացած իրեն հարգող, պետությունը սիրող ղեկավար նախ՝ չէր ստորագրի, այդ ժամանակ կգնար, իսկ եթե քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ ստիպված ստորագրել է, ստորագրելու հետ մեկտեղ՝ հրաժարական կտար: Հրաժարական չտալը նշանակում է, որ ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ ունեն, ո՛չ հայրենիք ունեն. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է նա:
Ռուսլան Բաղդասարյանը նկատել է՝ իշխանությունները 2018 թ. անտարբեր են եղել՝ ինչպես ամբողջ պետության հանդեպ. «Ինչ վերաբերում է իրենց ասածներին, թե կապիտուլյացիոն փաստաթուղթը փրկություն էր. զինվորական մասնագետների հետ երբ խոսում ենք, ովքեր մասնակցել են պատերազմին, մարդիկ պնդում են, որ հաղթանակը 2 անգամ գետնին գցված է եղել, որը մենք չենք վերցրել: Դա, իհարկե, հետագա քննությունը կպարզի՝ ինչու չենք վերցրել, ինչ նկատի ունեն զինվորականները, ինչ են տեսել, բայց ամեն դեպքում, մենք կարող էինք այս պատերազմը հաղթել, և դիտավորությամբ պարտություն է եղել»:Նա ասել է, որ նոյեմբերի 9-ից սկսած՝ հասարակությունը գրեթե ամեն օր շոկային ինչ–որ ինֆորմացիա է ստանում և չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ է կատարվում իր հետ. «Մենք ունենք զոհված եղբայրներ, որոնց դեռ չեն ճանաչել, ունենք գերիներ, որոնց դեռ թշնամու մոտ են պահում, այդ ամենը, իհարկե, շոկ է: Արդեն զոհված, հուղարկավորված մեր զինվորների ծնողները դեռ շոկից դուրս չեն եկել. կարծում եք՝ որևէ ծնող կարող է լինել, որ չի՞ պահանջի սրա հրաժարականը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.), չի՞ գիտակցում, որ սա էր մեղավոր: Նույն Նիկոլն այնքան աներես է, որ պահանջում են իր հրաժարականը, բայց փորձում է արտահերթ ընտրության տանել՝ իբր թե մեղավորը պատգամավորներն էին, իբր թե պառլամենտն է ստորագրել այդ կապիտուլյացիոն ակտը. իհարկե ոչ: Ստորագրել է ինքը, գաղտնի է ստորագրել, հիմա էլ ուզում են ԱԺ-ն տանել ինքնալուծարման: Ի՞նչ ինքնալուծարման մասին է խոսքը: Միգուցե, կառավարության նոր, ժամանակավոր ղեկավարը՝ նոր վարչապետը, այս պատգամավորների հետ աշխատում է մինչև 2023թ.: Ի՞նչ պարտադիր է, որ անմիջապես արտահերթ ընտրություն լինի: Այդ արտահերթ ընտրությունները լավ բան չեն, ցանկացած ընտրություն սթրես է ցանկացած պետության համար: Այն պետությունը, որտեղ համակարգերն ամուր են, թեթև է տանում այդ սթրեսը, բայց գիտենք, չէ՞, որ մեզ մոտ պետական համակարգ գրեթե չկա»:
Նրա խոսքով՝ քիչ մարդիկ են պատկերացնում, որ պետական համակարգերը փլուզված են. «Իսկ դա պետության վերջն է, երբ համակարգերը սկսում են փլուզվել: Դա կպատկերացնեն փորձագետներ, մասնագետներ, բայց այդ մարդկանց էլ մեղադրել պետք չէ, որ չեն գիտակցում, նրանց բացատրել է պետք, որ, եթե այսպես շարունակվեց, ունենալու ենք ավելի վատ հետևանքներ»:
Հարցին՝ 2.5 տարի ընդդիմությունը փորձում էր դա բացատրել, բայց այդ մարդիկ չէին հրաժարվում իրենց սկզբնական կարծիքից, հիմա ինչպե՞ս են դա հաջողելու, նա պատասխանեց. «Երբ Նիկոլը հրաժարական կտա, ու այդ ֆեյքային մանիպուլյատիվ ինֆորմացիոն հոսքերը կդադարեն, քաղաքացիներին կտրվի հստակ պատկեր, թե պետությունում ու մեր երկրում ինչ է կատարվում, և քննություն կլինի, թե ով ինչ է արել ու ինչպես պետք է պատասխանատվության ենթարկվի իր արածի համար, այդ ժամանակ քաղաքացիներն անմիջապես կգիտակցեն: Քաղաքացիների գիտակցելու համար ժամանակ ունենք, բայց Փաշինյանին հանդուրժելու համար բացարձակ չունենք»:
Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, և պետք չէ ասել՝ բա ո՞վ է գալու. «Դա կեղծ օրակարգ է: Ով ուզում է լինի՝ դավաճան չլինի, ով ուզում է լինի՝ վստահ լինենք, որ գերիներին կվերադարձնի: Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ գերիները: ՌԴ ԱԳ նախարարն ասում է, որ 62-ից ավելի են գերիները, և, որ Հայաստանն էլ փոխելու գերիներ չունի, մի 2-3 ահաբեկիչ են մնացել, որոնց Ադրբեջանը չի էլ ուզում: Այսինքն՝ ի սկզբանե նորից ձախողել են գերիների փոխանակումը: Չէ՞ որ սկզբից պայմանավորված էր՝ բոլորը՝ բոլորի հետ: Ինքն ամեն ինչ ձախողում է, գնում է մի հատ էլ ամսի 11-ին Մոսկվայում գերիների հարցը ձախողում, գալիս է, ու հիմա նստենք, ասենք՝ թող ինքը մնա՞: Ո՞վ նրան պետք է ասի՝ մնա, էն մարդը, որը ընդհանրապես իր անձի վրա չի զգացել կամ շոկի մեջ է: Ձեզ վստահեցնում եմ՝ հասարակության գերակշիռ մեծամասնությունը գիտակցում և պահանջում է Նիկոլի հրաժարականը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: