Վաշինգտոնում ներկա գտնվեցի «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը, գրում է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակում։
Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է Փաշինյանի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:
Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ընդունելության կազմակերպման համար և նշել, որ իր համար պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը` կազմակերպությունների ու բարեկամների հետ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին են եղել տասնամյակներ շարունակ։ Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Իհարկե, պետք է ասեմ, որ այժմ Հայաստանը գտնվում է խաչմերուկների մեջտեղում, շատ կարևոր ժամանակահատված մեր երկրի համար։ Շատ կարևոր է սահմանել, որոշել, թե որն է այս կարևոր և դժվարին ճանապարհին Հայաստանին օգնելու լավագույն միջոցը։
Մեր տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, չափազանց բարդ է՝ լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Բայց կարծում եմ` հիմա մենք պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար, ինչն ամենակարևորն է։
Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։
Սա է պատճառը, որ մենք այժմ կենտրոնացած ենք խաղաղության օրակարգի վրա, որովհետև մեր համոզմունքն այն է, որ մեր տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել պատշաճ միջավայր ժողովրդավարության համար, մարդկանց իրավունքների պաշտպանության համար, և Հայաստանի զարգացման համար»։