Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հույս ունի, որ արցախցին մի օր կվերադառնա իր հայրենիք։
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հուսով եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի է կոչվելու»,- Aysor.am-ի փոխանցմամբ՝ ասաց Բալասանյանը։
Հարցին՝ արդյո՞ք անվտանգ կլինի Արցախ վերադարձը՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղարն ասաց, որ աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա։
Եթե անվտանգային երաշխիքներ տան, ինքը պատրա՞ստ է Արցախ վերադառնալ՝ Բալասանյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ»։
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը հունվարի 18-ին հրապարակել էր իր նամակն՝ ուղղված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։
Նամակում Բալասանյանը կոչ էր արել կարգավորել Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և ապահովել բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։





