Այս տողերը սկսում եմ գրել գիշերվա ժամը 1 անց 57-ին։ Փորձում եմ քնել, բայց չի ստացվում, որովհետև Տասը տիրադավների լպիրշ ու սադրիչ հայտարարությունից առաջացած զայրույթս ոչ մի կերպ չի անցնում։ Այդ թշվառները բացիեբաց հայտարարում են, որ Վեհափառ Հայրապետին ուխտադրժաբար գահընկեց անելը եղել է իրենց «տարիների երազանքն ու ցանկությունը»։ Փաստորեն, տարիներ ի վեր՝ նրանք հոգու խորքում պահած են եղել «դավաճանության դաշույնը», մինչդեռ առերես շողոքորթել են Վեհափառին, նրա ձեռքից ստացել ու վայելել են զանազան բարիքներ՝ կոչումներ, պատիվներ ու պաշտոններ։
Այս բացահայտ իրողության մասին մտորումները է՛լ ավելի են մեծացնում զայրույթս։ Չէ՞ որ հոգևոր կոչման ուժով մեծագույն հարգանքի արժանի տասը մարդ, պարզվել է, տարիներ շարունակ՝ եղել է նենգ ու տիրադավ, իսկ հիմա նրանք արդեն չեն ամաչում խոստովանել այդ իրողությունը։
Ես վստահ եմ, որ Մայր Աթոռն ասպատակելու՝ տիրադավների, նրանց քաղաքական առաջնորդի ու վերջինիս ադրբեջանական պատվիրատուի նենգ ծրագիրը վաղը՝ դեկտեմբերի 18-ին, հաջողության չի հասնելու։ Բայց այդ համոզմունքս չի փոխում մարդկային անկման ու նենգության այն ծանր իրողությունը, որը «ինքնանկարի» տեսքով հանրությանը ներկայացրին Տասը տիրադավները։
Զգում եմ, որ արդեն իսկապես խեղդվում եմ մարդկային նենգության գերդոզավորումից։ Զգում եմ, որ արդեն իսկապես ուզում եմ բացականչել՝ «Աշխա՛րհ, կա՛նգ առ՝ իջնող կա»։
Բայց ինչ-որ հրաշքով – ամեն անգամ, երբ հուսալքության դևերին գրեթե հաջողվում է ինձ ենթարկեցնել իրենց հոգեկործան կամքին, ամեն անգամ ինչ-որ հրաշքով հայտնվում է ինչ-որ միտք, ինչ-որ հույս, ինչ-որ ուժ, ինչ-որ զորություն, որն ինձ ազատում է չարի որոգայթից և նորոգում Լուսաբացի հանդեպ սասանված հավատըս։
Այս անգամ այդ դերը կատարեց իմ ընկեր ու սանիկ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի հերթական տեսաուղերձը, որը որոշեցի դիտել՝ ծանր մտքերը ցրելու համար։ Լուսինեն հերթական անգամ պատմում է այն դժվարությունների մասին, որոնց ենթարկվում է ցանկացած քաղբանտարկյալի ընտանիք, և որոնք, որպես կանոն, անհայտ են մնում հանրությանը։
Լուսինեն հանդարտ ու հանգամանալից՝ պատմում է իր ամուսնու դեմ քաղաքական հետապնդման «կենցաղային մանրամասների» մասին, իր պարզ-մարդկային հույզերի ու հույսերի մասին, այն մասին, թե ինչպես է իր ավագ դուստրը սխալմամբ դուռը բացել իրենց տունը խուզարկելու ու պապային ձերբակալելու համար առավոտ 7-ին իրենց տուն «ժամանած» ԱԱԾ-ականների առջև, և այլն, և այլն։
Մտածում եմ՝ Տասը տիրադավների դիմաց՝ մեր կողքին միշտ եղել են ու կան Տասնյակ ու հարյուրավոր «Լուսինեներ», որոնք հաստատ իրենք էլ չեն գիտակցում իրենց ներուժը, բայց փորձության պահին դրսևորում են Պայքարի անկոտրում ոգի։
Այս ուշ ժամին՝ գիշերվա ժամը 2-ն անց 54-ին, ես մտածում եմ գալիք Լուսաբացի մասին, և այն մասին, որ մեր ազգի նոր Լուսաբացը բերելու են համեստ ու առաքինի մարդիկ, որոնք հաճախ չեն էլ գիտակցում, թե որքա՜ն ուժ ու զորություն ունեն իրենց հոգու խորքում։ Քանի դեռ ժամը չի եկել՝ չեն էլ գիտակցում։
ՀԳ. Որոշեցի այս գրառումը հրապարակման դնել ժամը 8:19-ին՝ այն ժամին, երբ լինելու է Լուսաբացը։
ՀԳ-2. Լուսինեի տեսաուղերձը՝ https://youtu.be/iXfTHfOMw5g
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան





