ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Գալստյանը ներկայացրել է «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի մշակույթի ոլորտի ծրագրային դրույթները․
«Սիրելի ընկերներ, հետևորդներ,
Համառոտ ներկայացնում եմ <<ՀԱՅԱՍՏԱՆ>> դաշինքի մշակույթի ոլորտի ծրագրային դրույթները։ Խնդրում եմ ձեր դիտողություններն ու առաջարկությունները թողնել մեկնաբանություններում /կամ նամակով ուղարկել/։ Ձեր կարծիքը, առաջարկությունը մեզ համար շատ կարևոր է․ ներառելու ենք ավելի ընդարձակ ծրագրի մեջ։
• Կրթության և գիտության կողքին, մշակույթը լինելու է պետական քաղաքականության առանցքային առաջնահերթություն։
• Մեր հասարակության մեջ տիրող արժեքային խորը ճգնաժամը հաղթահարելու և Հայաստանի քաղաքացի ձևավորելու կենսական հենարաններից մեկը մշակույթն է։
• Մեր լեզվի և հավատի կողքին, մեր ինքնության հիմնական հենասյունն է մշակույթը, այն դեմքը, ինչով աշխարհը ճանաչել է հային և շարունակելու է ճանաչել մեզ։
• Ազգային ինքնության և պետականության համատեքստում արժևորելու ենք մշակույթի դերը և այն դարձնելու ենք հանրային գիտակցության անբաժանելի մաս։
• Մեր հավաքական ներուժի համախմբումն ու մեր ազգային պետականության ամրապնդումը պետք է զուգակցել մշակութային նվաճումների հետ։ Ազգային անվտանգության ողջ համալիրում բացառիկ տեղ ենք վերապահում մշակույթին, հոգևոր անվտանգությանը։
• Մեր կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունը պատասխանելու է հասարակության առջև կանգնած կարևորագույն խնդիրների՝ ինչ երկիր ենք կառուցում, ով է նրա քաղաքացին և ուր ենք գնում։ Այն կենսունակ է լինելու ամենուր՝ հանրակրթության մեջ, մասսայական լրատվամիջոցներում, քաղաքաշինության, ճարտարապետության, արտաքին քաղաքականության մեջ, և, առհասարակ, մեր հոգևոր առողջացման և երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների համատեքստում։
• Իբրև ռազմավարական առաջնահերթության ոլորտ՝ մենք մերժում ենք մշակույթի ֆինանսավորման մնացորդային մոդելը և անցնելու ենք առաջանցիկ ֆինանսավորման։
• Ստեղծագործ, տաղանդավոր հայ մարդը, հայ երիտասարդը պետք է ունենա Հայրենիքում ստեղծագործելու և պետության աջակցությունը ստանալու բոլոր հնարավորությունները։
• Մշակութային կապիտալի հաշվարկով որդեգրվելու է ոլորտի զարգացման՝ ՀԱՅԱՍՏԱՆ 2026, բեկումնային ծրագիրը։ Ազգայինի նկատմամբ ակնածանք ձևավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, հոգևոր աղքատությունը։
• Բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանելիությունը, մշակվելու են գեղարվեստական կրթության նոր չափորոշիչներ։
• Արդյունավորվելու է Սփյուռքի ներուժն ու մեծանալու է նրա մասնակցությունը մեր մշակութային կյանքում։ Աջակցություն է ցուցաբերվելու սփյուռքյան ազգային մշակութային կառույցներին, առանձնապես հայապահպանական առաքելություն իրականացնող կազմակերպություններին։
• Բարելավվելու է մշակույթի ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը, գրահրատարակչությունը:
• Ապակենտրոնացնելու ենք թանգարանային ցանցը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումով և շենքային պայմանների բարելավումով արդիականացնելու ենք թանգարանները։
• Որդեգրվելու են պետության կողմից պաշտպանվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման, արժևորման և հանրահռչակման նոր չափանիշներ։
• Պետությունը խրախուսելու և աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին և ստեղծագործող անհատներին․ նրանց հնարավորություն է տրվելու բարենպաստ պայմաններով օգտագործել մշակութային ենթակառուցվածքների և հաստատությունների հնարավորությունները։
• Ազգային կարդավիճակ ունեցող մշակութային հաստատությունների և կոլեկտիվների նկատմամբ որդեգրվելու է տվյալ կարգավիճակից բխող պատշաճ և օրենքով սահմանված մոտեցում։
• Մշակույթը մեր ամենամրցունակ բրենդներից մեկն է, այդպիսով նաև միջազգային երկխոսության անսպառ ռեսուրս է: Սրանով պայմանավորված կմշակվեն հայկական մշակութային արտադրանքի արտահանման, միջազգայնացման, արվեստի շուկաներում դիրքավորման նոր մեխանիզմներ և քարտեզներ, ինչը հնարավորություն կտա միջազգային հարթակներում ապահովել մեր արժանապատիվ ներկայությունը։
• Բարձրացնելու ենք մշակութային և ինտելեկտուալ էլիտաների հետ պետության և հասարակության երկխոսության մակարդակը։ Մտավորականի և մշակութային գործիչի ձայնը լսելի պիտի լինի։
• Մշակելու ենք անձեռնմխելի կապիտալով ֆոնդերի օրենսդրությունը։ Ինչը թույլ կտա շահութահարկի մինչև 5 տոկոսը փոխանցել մշակութային հիմնադրամներին, նաև խթանել ներդրումներ։
• Մշակույթի ոլորտում մեր ստանձնած պարտավորություններն ու ծրագրերը իրակացնելու համար մենք վերականգնելու ենք Մշակույթի նախարարությունը»։