Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Երեկ հրավիրված էի Արցախի Քաշաթաղի հետ կապված քննարկման։ Մանրամասները չեմ պատմի՝ ելնելով բովանդակային հարցերից։ Բայց հերթական անգամ խորը ցավ ապրեցի ինչպես մեր պաշտոնյաների, այնպես էլ բազմաթիվ սովորական քաղաքացիների մանրախնդիր, եսակենտրոն մտածողությունից։ Ես խոսում եմ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը կրկին ամբողջովին բնակեցնելու, կենցաղային պայմաններ և աշխատատեղեր ստեղծելու կարևորության ու քայլերի մասին, մինչդեռ տեղացիները և նրանց համայնքային ղեկավարները ինձ հակադարձում են, թե իրենց հետաքրքրում է միայն փոխհատուցումը։ Քաշաթաղի 52 համայնքների մեծ մասի ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ մեկ մարդու պես պնդում էին՝ իրենց ու տեղահանված բնակչությանը տալ փող, շատ փող, մնացածը կարևոր չէ։ Ապշել էի, թե ինչպես կարող են մարդիկ այդքան կապված չլինել հողին։ Հետո հասկացա, որ այս մարդիկ ախր վերաբնակեցված են Հայաստանի տարբեր վայրերից, երբևէ կռիվ չեն տվել հայրենի հողի համար, իրենց ծննդավայրերում հավանաբար ձախողակ են եղել և որոշել են բախտը որոնել որևէ այլ տեղ, հետևաբար այդ որևէ այլ տեղը նույնպես չի կարող թանկ լինել։ Ահա թե որտեղից է գալիս փողը հողից շատ սիրելու մարմաջը։ Քաշաթաղի գյուղապետերը ինձ նաև մեղադրում են մեզ մնացած երեք բնակավարերում կյանքը վերականգնելու ձգտումների մեջ՝ նշելով, թե այդկերպ ես խանգարում եմ, որ իրենք փախստականի կարգավիճակ ձեռք բերեն՝ ստանալով շատ փող։ Այս առումով բավական կոշտ և հստակ խոսակցություն եղավ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարության հետ։ Ես հերթական անգամ պահանջեցի չխանգարել մարդկանց՝ վերադառնալ իրենց տները, քանի որ Բերձորում, Սուսում և Աղավնոյում պետք է հայեր ապրեն՝ հանուն Արցախի անվտանգության և ապագայի։ Հողը քոնն է նախևառաջ այնտեղ ապրելով։ Միակ սկզբունքային մարդը Աղավնոյի գյուղապետն է, ում չեն հրավիրում քննարկումների, բայց հենց նա պատերազմի ժամանակ արյան գնով պահեց բնակավայրը, հիմա էլ տարբեր միջոցներով մարդկանց կրկին վերադարձնում է Աղավնո։ Հողը այսպես են պահում, ոչ թե պետությունից անընդհատ փող ուզելով։ Սիրելի քաշաթաղցիներ, անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում եք ուզում այսուհետ ապրել, հիշեք, թե ինչպիսի պայմաններում եք ապրել մինչև պատերազմը, ինչպես եք դժվարություններով Բերձորը ոտքի հանել, ինչպես եք մյուս գյուղերը վերակառուցել և ապրել այնտեղ։ Դժվար էր, բայց դուք արեցիք։ Արեք նաև այս անգամ՝ առանց մտածելու, թե 3-5 տարի հետո ինչ կլինի։ Ոչ մի վատ բան էլ չի լինի, եթե այնտեղ դուք ապրեք, իսկ եթե 3000-ոց Բերձորում լինի 50-100 հայ, վստահ եղեք, այնտեղ մենք այլևս տեր չենք լինի։ Խնդրում եմ, հանեք ձեր միջից գաղթականի հոգեբանությունը։ Վերադարձեք Բերձոր, ինչքան էլ ձեզ տեղական իշխանիկները սպառնան, թե չի կարելի։ Ոչ ոք իրավունք չունի ձեզ արգելել, այդ թվում ռուսները։ Սա ես ասում եմ վստահաբար և պաշտոնական աղբյուրներով։ Եթե Բերձորում կրկին շատ հայեր ապրեն, արագ կվերաբացվեն դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցը և մյուս պետական հաստատությունները»։