Հոգեկան ուրախությամբ փառք և գոհություն եմ մատուցում մեր Արարիչ Աստծուն, որ աստվածային հավատքի լույսով ընդմիշտ պայծառ է պահում Իր ընտրյալ Հայոց ազգին:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծումից և վերաբացումից ի վեր որևէ պահ չի դադարել հայ քրիստոնեից և օտարազգի այցելուների երթը դեպի Աստծո այս մեծ, սքանչելազարդված Սրբավայր:
Արդարև, երիցս ճշմարիտ են Սբ Էջմիածնի նվիրյալ ու նախանձախնդիր միաբան, Հայոց պատմիչ երանաշնորհ Տ. Առաքել վարդապետ Դավրիժեցու խոսքերը. «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կայ»:
Այս ուխտավորաց երթը՝ դեպի բացառիկ լույսով ճառագող Մայր Տաճար, հավատքի, հույսի և սիրո հաղթարշավ է:
Հոգևոր հարությունն է մեր կյանքի բարեփոխիչն ու բարեկարգիչը: Իսկ Սբ Էջմիածնի Մայր Տաճարն ինքն է ԿՅԱՆՔ, ՀՈՒՅՍ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ:
Եկեք, սիրելիներ, եկեք մեծ և փոքր, եկեք և ընկղմվեք ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ խորին խորհրդի մեջ, որպեսզի այդ աստվածային խորհրդով ու ազգային գաղափարով վեր ելնեք՝ որպես ԼՈՒՅՍԻ,ՀՈՒՅՍԻ, ՀԶՈՐ կյանքի ու հայրենիի կերտող հայ քրիստոնյա:
Սիրելի է, հույժ սիրելի է Տաճարն աստվածակերտ իր հարազատ հայկազուն զավակներով:
Երախտագիտություն և խորազգաց շնորհակալություն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ ամեն ջանք ի գործ դրեց, ամեն հոգնություն հանձն առավ և Իր բարերար զավակաց օգնությամբ Իր սիրասուն ազգին, ողջ քրիստոնեից պարգևեց պայծառազարդված ԼՈՒՅՍԻ, ՀՈՒՅՍԻ և ՀԶՈՐ Մայր Տաճար:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան