SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ТАСС գործակալության՝ վկայակոչելով Եվրոպական մաշկաբանական և վեներոլոգիական հանրության մամուլի ծառայությունը: Ուհանում SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի բռնկման առաջին օրերից բժիշկները սկսել էին նկատել, որ վիրուսի առաջացրած հիվանդությունը շատ ավելի հաճախ է վարակում և խլում տղամարդկանց կյանքը, քան կանանց։ Սկզբում սա կապում էին այն բանի հետ, որ տղամարդկանց թոքերի բջիջները շատ ավելի մեծ քանակությամբ ACE2 ռեցեպտորի մոլեկուլներ են պարունակում, որոնք վիրուսն օգտագործում է վարակման համար, քան կանանց մոտ։ Այնուհետև մասնագետների կարծիքները կիսվեցին։ Հռոմի Մարկոնի համալսարանի պրոֆեսոր Էնդի Գորենը և նրա գործընկերները պատահմամբ հայտնաբերել են մինչ այս անհայտ բիոմարկեր, որը թույլ է տալիս առանձնացնել այն տղամարդկանց, որոնք ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ։ Մասնագետներն այդ բացահայտումն արել են՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ կորոնավիրուսի ծանր ընթացքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված տղամարդկանց 80 %-ը տարբեր տեսակի ճաղատություն են ունեցել։ Նրանք ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել 65 պացիենտներից և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանց հոսպիտալացման հավանականությունը կախված է եղել ոչ միայն նրանց մազերի վիճակից, այլև նրանից, թե որքան, այսպես կոչված, CAG-կրկնություններ են առկա AR գենում, որը պատասխանատու է տեստոստերոնի և տղամարդկանց այլ սեռական հորմոնների մոլեկուլներին բջիջների արձագանքի համար։ Որպես կանոն, որքան շատ նման հատվածներ է պարունակում AR գենը, այնքան շատ են դրա կրողները ենթարկվում ճաղատության։ Պարզվել է, որ նման կախվածություն կա նաև այդ կրկնությունների երկարության և կորոնավիրուսի ծանր ընթացքով վերակենդանացման բաժանմունք ընկնելու միջև։ Այդ կապի հստակ բնույթը դեռևս հայտնի չէ, սակայն կենսաբանները ենթադրում են, որ դրա գոյությունը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսի առանցքային «հանցակիցներից» մեկի՝ TMPRSS2 ֆերմենտի ակտիվության մակարդակը ուղղակիորեն կախված է AR գենի կառուցվածքի տատանումներից: Կենսաբանների կարծիքով, վարակի այս հատկությունը կարելի է օգտագործել ոչ միայն SARS-CoV-2-ի հանդեպ առավել խոցելի հիվանդներին հայտնաբերելու համար, այլ նաև վիրուսի դեմ պայքարելու համար՝ ճնշելով TMPRSS2- ի աշխատանքը այնպիսի դեղամիջոցներով, որոնք նվազեցնում են AR գենի ակտիվությունը: Նման նյութերով փորձարկումների առաջին արդյունքները պրոֆեսոր Գորենը և նրա գործընկերները մտադիր են առաջիկայում ներկայացնել հանրությանը։