Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ավելացնել բուքմեքերական ընկերությունների հարկերը, քանի որ դրանք գերշահույթ են ստանում, բայց վճարում են չնչին հարկեր։ Պատգամավորը համապատասխան օրենքի նախագիծ է մշակել և ներկայացրել այն կառավարությանը և Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովին։
Սակայն հանձնաժողովի նիստին ներկա Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պնդեց, որ օրենքի նախագծի քննարկումը պետք է հետաձգել, քանզի նախարարությունը չի հասցրել մշակել իր առաջարկությունները փաստաթղթի վերաբերյալ։ Այս փաստը պատգամավորի զայրույթն առաջացրեց. ըստ նրա, նախարարությունը բավական ժամանակ ուներ իր առաջարկները ներկայացնելու համար և անհիմն է ձգձգում օրենքի նախագծի քննարկումը։
Պատգամավորը նաև շեշտեց, որ այս նախագիծը պետք է ներկայացներ հենց նախարարությունը կամ ԱԺ ֆինանսական կամ տնտեսական հանձնաժողովների անդամները, այլ ոչ ինքը, որ հանդիսանում է Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ։
«Հիմա ես ձեր փոխարեն ամբողջ աշխատանքը արել եմ, վեր եմ հանել այդ ընկերությունների շահույթը, վճարած հարկերը, մշակել նախագիծ, ծամել-դրել բերաններդ, դուք անհիմն ձգձգում եք, ինչ է, թե չեք կարողանում առաջարկներ մշակե՞ք»,- զայրացավ Սարգսյանը։