Հակակոռուպցիոն դատարանում նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի գործով դատական նիստը։
Հանրային մեղադրողը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ 40 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը պետք է պահպանվեն: Պաշտպանական կողմը հակադարձել է, որ բացակայելու արգելք խափանման միջոցը պետք է վերացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաղմանյանը Հայաստանում չի եղել, երբ հայտնի է դարձել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին, սակայն վերադարձել է Հայաստան, հետևաբար, երկրից փախչելու մտադրություն ունենալ չի կարող։
«Ես փախնելու տեղ չունեմ, իմ հայրենիքը Հայաստանն է»,–դատարանի դահլիճում հայտարարել է Հայկազ Բաղմանյանը։
Դատավորն անփոփոխ է թողել Բաղմանյանի նկատմամբ կիրառված համակցված խափանման միջոցը։
«Եթե դատարանն արձանագրեր, որ մեղադրյալը փախչելու մտադրություն ունի, այս նիստի ընթացքում ավելի խիստ խափանման միջոց կկիրառեր, բայց դա չի նշանակում, որ բացակալելու արգելքը պետք է փոփոխվի»,– նշել է դատավորը:
Աղբյուր՝ news.am